երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ի՞նչ լրացում է առաջարկվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում. քննարկում ԱԺ-ում

Ի՞նչ լրացում է առաջարկվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում. քննարկում ԱԺ-ում

Հունվարի 11-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումը: Նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը և Նարեկ Բաբայանը:

Հիմնական զեկուցող Լենա Նազարյանը նշել է, որ օրենսդրության համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում: Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում, և վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելու գործընթացը դժվարանում է, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը:

«Սա մի խնդիր է, որին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված և տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները»,- հավելել է պատգամավորը:

Համահեղինակը ներկայացրել է նախագծի լրամշակված տարբերակը, ըստ որի` քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան մասին պետական գրանցման օրը:

Կարգավորումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:

Հարակից զեկուցողները՝ պատգամավոր Արթուր Դավթյանը և Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունել են նախաձեռնությունը, հորդորել կողմ քվեարկել:

Նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի առաջարկով 2-րդ հոդվածի 2-րդ կետից հանվել է «ընդունման» բառը: Արդյունքում` օրենքի գործողությունը կտարածվի նաև այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:

Նախագծի լրամշակված տարբերակը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: