երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է.

«Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ:

Ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից:

Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ:

Բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ:

Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը:

Ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը:

Ոստիկանական ապօրինությունները շարունակվել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանության աշխատակիցները դիմել են բիրտ ուժի:

Փաստի առթիվ Ոստիկանությունում բոլոր բերման ենթարկվածների դեմ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Ոստիկանության այսօր տարածված հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են տեղի ունեցած իրադարձությունները և կատարվածի պատճառահետևանքային կապերը:

ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, որը գնահատում ենք որպես ՀՀ ներկա իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականության ակնհայտ դրսևորում:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը 25 երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։

 

  • Կիսվել: