ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024

Հստակեցվում են տեսչական մարմնի վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները

Գործող կարգավորումներով տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, եւ վերահսկողությունը նպատակին չի ծառայում: «Հրդեհային անվտանգության մասինե», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի նիստում: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքէջը։

Հստակեցվում են տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերին, որոշումներին եւ կարգադրագրերին ներկայացվող պահանջները: Առաջարկվող կարգավորմամբ սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է լինելու կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում եւ վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնելու դրա գործողությունը կամ կատարումը: Տեսչական մարմնի վարչական ակտերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են լինելու հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է տեսչական համակարգի բարեփոխումներով, ոլորտում համալիր լուծումներ իրականացնելու հնարավորությամբ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո վերահսկողությամբ:

«Սուրմալուի» շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում. այս մասին հայտնել է Արմեն Դանիելյանը: Նա նշել է, որ վերանայվում են տեսչական համակարգի արդյունավետությունն ու կատարմանն ուղղված միջոցառումները եւ հավելել, որ վարչական իրավախախտումներ սահմանելու փոխարեն պետք է գնալ կոնկրետ ռիսկը նվազեցնելուն կամ վերացնելուն ուղղված միջոցառումներ սահմանելու ճանապարհով: Ըստ զեկուցողի՝ նպատակահարմար է ցանկացած դեպքին եւ ոլորտին բնորոշ մեխանիզմների քննարկումը:

«Կլրացվեն առկա իրավական բացերը, եւ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել արդյունավետ? բացահայտված եւ չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով մարդկանց անվտանգությանը, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով»,- հարակից զեկույցում նշել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը եւ առաջարկել կողմ քվեարկել:

Արծվիկ Մինասյանը կարեւորել է հրդեհային անվտանգության ոլորտում փոփոխությունները եւ առաջարկել քննարկել հավատարմագրման համակարգի միջոցով ռիսկերի նվազեցման ներդրման մեխանիզմը: Այսինքն՝ մասնավոր ոլորտում հավատարմագրված գիտելիք եւ փորձառություն ունեցող կազմակերպությունն օբյեկտում կիրականացնի մասնագիտական պատշաճ գնահատում, եւ նրա կողմից տրված եզրակացությունը կդառնա ռիսկերի նվազեցման եւ հետագայում տեսչական մարմինների աշխատանքային ծրագրերի մշակման հիմք:

Ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը նշել է, որ չեն շտապում բոլոր ուղղություններով գործառույթը տեղափոխել հավատարմագրման դաշտ, քանի որ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք բիզնեսին հետաքրքիր է մտնել այդ ոլորտ եւ պետական պարտականությունն իր վրա վերցնել: Նա տեղեկացրել է, որ այս պահին արդեն սննդամթերքի անվտանգության ոլորտում դիտարկվում է նման համակարգի ներդրման ինստիտուտը: Զեկուցողի խոսքով առաջարկը, ընդհանուր առմամբ, ընդունելի է, այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: