հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հրապարակվել է ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022-ի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հունիսի 26-ին, հրապարակել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:  

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ անդրադարձ է կատարվել 2022 թվականի ընթացքում մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրներին և ազատությունից զրկված անձանցից ստացվող անհատական բողոքներով բարձրացված համակարգային բնույթի հարցերին: 

Դրանք մանրամասն վերլուծվել և ամփոփվել են սույն զեկույցի շրջանակներում, ինչպես նաև տրվել են բարձրացված խնդիրների լուծման առաջարկներ:

Ներկայացվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր, ոլորտում իրականացված աշխատանքները, լուծված և չլուծված խնդիրները:

Վերլուծվել և համապատասխան առաջարկներ են ներկայացվել քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման վայրերում և Ոստիկանության բաժիններում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման, սննդի, պահման պայմանների բարելավման, սանիտարահիգիենիկ պայմանների, արտաքին աշխարհի հետ կապի, վերասոցիալականացման, կրթության, զբաղվածության և այլ հարցերի կապակցությամբ:

Հատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներին, որոնք արդիական են դարձնում ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը:

Հարկ է նշել, որ Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Պաշտպանի գործունեությունն իրականացվում է անաչառ, ապաքաղաքական ու պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներին խիստ համապատասխան՝ հանրային մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

  • Կիսվել: