ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՔԾ պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել․ Ազարյան

ՀՔԾ պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել․ Ազարյան

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական գործի քննության ժամանակ Ալեքսանդր Ազարյանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն, ինչ ներկայացվել է իր իրական գործողությունների և հայտարարության վերաբերյալ, հայտնում է Tert.am-ը։

Նա նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դրությամբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այնուամենայնիվ, դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել և վստահել է Հատուկ քննչական ծառայության պետին:

«Այն, որ Հատուկ քննչական ծառայության պետն իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, դա կասկած չի հարուցում»,-ասաց նա:

Ալեքսանդր Ազարյանը հարց բարձրացրեց, թե օրինակ ինչո՞ւ ՀՔԾ պետը վիրավորվեց այդ դատական գործով և ոչ թե նշված որոշումը կայացնելուց մեկ շաբաթ առաջ:

«Մեկ շաբաթ առաջ Հատուկ քննչական ծառայության մեկ այլ քննիչ, մեկ այլ գործով նույն հիմքով ինչ պատճառաբանությամբ ինձ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ միջնորդությունը ես մերժել եմ բառացի նույն պատճառաբանությամբ և Հատուկ քննչական ծառայության պետի մակարդակին չիջնելու վերաբերյալ հույս ունենալու արտահայտությունով: Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայության պետը չվիրավորվեց այն ժամանակ, և վիրավորվեց հիմա, գուցե այն պատճառով, որ առաջին գործով կայացրել եմ Հատուկ քննչական ծառայության դիրքորոշմանը համահունչ որոշում, իսկ այժմ՝ ոչ: Ամփոփելով ասեմ, որ ես Հատուկ քննչական ծառայության պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»,-ասաց նա:

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին` որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

  • Կիսվել: