շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող  հողի օրինականությունը դատախազությունը վիճարկում է դատարանում․ «Հետք»

Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողի օրինականությունը դատախազությունը վիճարկում է դատարանում․ «Հետք»

Գլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ այդ իսկ պատճառով պահանջը ներկայացվել է Արտաշատի համայնքապետի դեմ: Գրում է «Հետքը»։

Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուրը 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ, հողամաս էլ օտարել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին:

Ինչպես «Հետքին» փոխանցում են Գլխավոր դատախազությունից՝  համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլի, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով, ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ, այլ օբյեկտներով:

2001թ. հոկտեմբերի 30-ին էլ նույն մարզի Նարեկի համայնքապետը 120 հա հողամաս օտարել է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Այդ հողամասը ներառում է արոտավայրեր, որոնք որպես ոչ օտարման ենթակա հողամասեր ընդգրկված են Հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում և ենթակա չեն օտարման:

Սակայն տարիների ընթացքում այդ հողամասերը դարձել են այգի: Տարածքում նույնիսկ փոքր ջրամբար է կառուցվել, որպեսզի այգիները պատշաճ ոռոգվեն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: