ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղավոր ճանաչելու և համաներմամբ ազատ արձակելու դատավճիռը մտել է ուժի մեջ

Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղավոր ճանաչելու և համաներմամբ ազատ արձակելու դատավճիռը մտել է ուժի մեջ

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի (հայտնի է Ջոնիկ մականունով)  և նրա հետ դատապարտված  Ամբիկ Գևորգյանի դատավճռի դեմ պաշտպանական և մեղադրող կողմի բողոքները։ Ըստ այդմ՝ Հենիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին զենք-զինամթերքի գործով ազատազրկման դատապարտելու և համաներում կիրառելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, գրում է factor.am-ը:

Հենրիկ Աբրահամյանն ու վերջինիս հետ մտերիմ հարաբերություններ ունեցող «Մխչյան Ֆիշ» ընկերության տնօրեն Ամբիկ Գևորգյանը 2022 թվականի մարտին զենք-ռազմամթերքի գործով մեղավոր էին ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել, ու, փաստացի, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։

Դատարանն ամբաստանյալներին վերագրվող առավել ծանր արարքը վերաորակել էր մեղմ հոդվածով։ Մասնավորապես՝  Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածը՝  նախկին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասը,  վերաորակել էր  235-րդ հոդվածի 1-ին մասի. դատարանի գնահատմամբ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չեն գործել:

Այսպես՝

2018 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Ամբիկ  Գևորգյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և իր անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում պահելու դեպքի առթիվ։ Օգոստոսի 7-ին  Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Հենրիկ Աբրայամյանը: Ամբիկ Գևորգյանը օգոստոսի 9-ին ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Վարույթ իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Հենրիկ Աբրահամյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար:

Ըստ մեղադրանքի՝  Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ  Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող գործարանային արտադրության՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի երեք հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018 թվականի օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Օգոստոսի 11-ին Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել է, ապա նրա կալանավորման ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը: Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում, Աբրահամյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Վարույթն իրականացնող մարմինը 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Ամբիկ Գևորգյանին ևս նախկին  Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ապօրինի կերպով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից անհայտ աղբյուրից ձեռք բերված հրազենն ու ռազմամթերքը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը Ամբիկ Գևորգյանը Աբրահամյան հետ նախնական համաձայնությամբ փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի ավտոմեքենան, որից հետո Գևորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է Հովիկ Աբրահամյանին պատկանող, Մխչյան գյուղի մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում:

Հենրիկ Աբրահամյանը նախաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ դիրքորոշում չի հայտնել, իսկ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է մեղադրանքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տալուց։

Ամբիկ Գևորգյանը դատաքննության ընթացքում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն կասկածյալի կարգավիճակում տվել է ցուցմունքներ ու մանրամասներ հայտնել զենքի ենթադրյալ ձեռքբերման և պահելու հանգամանքների վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Ամբիկ Գևորգյանի տված ցուցմունքները

Դատավճռում առկա տվյալների համաձայն՝ Ամբիկ Գևորգյանը 2018 թվականի օգոստոսի 7-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք է տվել այն մասին, որ 2002 կամ 2003 թվականին ընդունվել է աշխատանքի «Ոռոգում-Ջրառ» ՓԲ ընկերությունում և նշանակվել Մխչյանի վերանորոգման տեղամասի պետի պաշտոնում։

2004 թվականին հիշյալ ընկերությունը և Մխչյան գյուղում  գտնվող մեխանիկա-վերանորոգման գործարանը դրվել է աճուրդ-վաճառքի։ Դրանից հետո, իր մտերիմ Հովիկ Աբրահամյանն իրեն գումար է տվել և ասել, որ մասնակցի աճուրդին՝ գնի նշված ընկերությունը և դրա հաշվեկշռում գտնվող  գործարանը։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո  ընկերությունը և գործարանը ձևակերպվել է իր անվամբ՝ թեև փաստացի այն պատկանել է Հովիկ Աբրահամյանին։ Գործարանի կողպեքների բանալիները գտնվել են իր մոտ և առանց իր գիտության ոչ ոք գործարան չի մտել։ Գործարանը գնման օրվանից չի գործել, սակայն տարածքը հսկվել է երկու պահակների՝ Վահրամ Աբրահամյանի և Սիմոն Ոսկանյանի կողմից։ Դեռևս մանկուց ճանաչել է Հովիկ Աբրահամյանի երկու եղբայրներին՝ Հենրիկ և Ռաֆիկ Աբրահամյաններին, որոնց հետ մտերիմ է։ 2010 թվականից աշխատել է «Մխչյան Ֆիշ» ձկնաբուծական ընկերությունում որպես տնօրեն։

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում իրեն տեղեկացրել են, որ սեփականության իրավունքով իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի իրեն չպատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարան են եկել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և խուզարկություն կատարելու համար խնդրել են գնալ գործարան։ Գնացել է, և  իրեն ծանոթացրել են խուզարկություն իրականացնելու թույլտվութան վերաբերյալ  դատարանի որոշմանը։ Խուզարկության ընթացքում որպես պահեստ օգտագործվող քարե շինությունում, պեռլիտի կույտի մեջ հայտնաբերել են որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք: Այդ զենքերի գոյության մասին չի իմացել, դրանք իրեն չեն պատկանում և չգիտի, թե ով է դրա իսկական սեփականատերը:

 2018 թվականի օգոստոսի 7-ի՝ կասկածյալի լրացուցիչ հարցաքննության ժամանակ  Գևորգյանը ցուցմունք էտվել այն մասին, որ 2004 թվականին Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանն իր անվամբ ձևակերպելուց հետո, թեև այն գնման օրվանից չի գործել և գտնվել է փակ վիճակում, սակայն ինքը տիրություն է արել, գողություններից խուսափելու համար սահմանվել է քսանչորսժամյա պահակային ծառայություն, որոնց վարձատրությունն իրականացրել է Հենրիկ Աբրահամյանը, որի հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ և բացի այդ, 2010 թվականից հանդիսացել է նրան պատկանող «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի տնօրենը։

Քննիչը կասկածյալ Ամբիկ Գևորգյանին է ներկայացրել օգոստոսի 6-ին վերջինիս և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, խնդրել դրանք ունկնդրել և տալ իրատեսական ցուցմունք ձայնագրություններում առկա հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։

Գևորգյանը, պատասխանելով քննիչի հարցին, ցուցմունք է տվել այն մասին, որ լսելով իր և Հենրիկ Աբրահամյանի միջև նախորդ օրը՝ խուզարկությունից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած երեք հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները և հասկանալով, որ կան անհերքելի փաստեր, որոնք չընդունելը անհեթեթություն կլինի իր կողմից՝ ցանկանում է հայտնել ողջ իրականությունը։

Գևորգյանը պատմել է, որ 2018 թվականի փետրվարի վերջերին կամ մարտի սկզբին, կոնկրետ օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն է զանգահարել Հենրիկ Աբրահամյանը և խնդրել շուտ մոտենալ Մխչյան գյուղում գտնվող, նրանց պատկանող «Արտաշատ Վինկո» գինու գործարանին կից գտնվող հացատանը, որը «Ֆազենդա» են անվանում։ Մոտենալով նշված հացատանը՝ նկատել է, որ Ջոնիկը (Հենրիկ Աբրահամյանը)  մենակ էր, իսկ սեղանին դրված էին մեծ քանակությամբ զենքեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ջոնիկն ասել է, որ հարկավոր է զենքերը քսայուղել (տաուտ քսել) փաթեթավորել և թաքցնել իր անվամբ ձևակերպված Մխչյանի մեխանիկա-վերանորոգման գործարանում։

Ջոնիկին չի հարցրել, թե դրանք ինչ զենքեր են և որտեղից։ Քսայուղել են զենքերի երկաթյա մասերը, առանձին-առանձին փաթեթավորել են բիազե կտորով, որից հետո փաթեթավորված զենքերը և տոպրակներում լցված փամփուշտները տեղավորել են իրեն պատկանող «Տոյոտա Լենդ Կրուզեր»  մակնիշի ավտոմեքենայի մեջ, և ինքը միայնակ գնացել է գործարան, մեքենան մոտեցրել է պահեստին, որից հետո մեքենայի մեջ առկա զենք-զինամթերքը միայնակ մեքենայից տեղափոխել է պահեստ։ Այնուհետև միայնակ քանդել է պահեստի հատակի խճաքարե հատվածը, անհրաժեշտ խորությամբ փոս փորել, որից հետո զենքերն ու փամփուշտները լցրել է փոսի մեջ և ծածկել:

Հաջորդ օրը հանդիպել է Ջոնիկին ու ասել զենքերը պահելու կոնկրետ տեղը։ Դրանից հետո, երբ սկսվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի որոնումներ, մտավախություն ունենալով՝ Ջոնիկին խնդրել է զենքերը գործարանից տեղափոխել, ու թեև վերջինս խոստացել էր՝ դրանք չեն տեղափոխվել։ 2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ձկնաբուծարանում գտնվելու ժամանակ զանգ է ստացել, զանգողը ներկայացել է որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից և խնդրել է գնալ գործարան։ Անմիջապես զանգահարել է Ջոնիկին, գնացել է նրա մոտ՝ գինու գործարան և հայտնել, որ ԱԱԾ-ից եկել են և ցանկանում են խուզարկություն կատարել գործարանում։ Ջոնիկը, վստահ լինելով, որ զենքերը թաքցրած տեղից չեն գտնի, կարգադրել է գնալ գործարան։ Երբ հասել է գործարան, ԱԱԾ աշխատակիցներն իրեն ծանոթացրել են խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշմանը և ընթերակաների ներկայությամբ սկսել խուզարկությունը։

Տեսնելով, որ խուզարկությանը մասնակցում են նաև ականազերծողներ, ովքեր հատուկ սարքերով ստուգել են տարածքը, առանձնացել և Հենրիկին հեռախոսազանգով հայտնել է այդ մասին։ Վերջինիս այն հարցին, թե հնարավոր է զենքերը գտնեն, պատասխանել է, որ հաստատ կգտնեն։ Հենրիկն, այդ լսելով, ասել է, որ հարմար պահ գտնի, զենքերը դուրս բերի, պատից՝ պարսպից այն կողմ նետի: Ինքը պատասխանել է, որ դա հնարավոր չէ, որից հետո Հենրիկն ասել է, որ դա «վառած գործ է» և ավելացրել է, որ ինքն ասի, թե այդ զենքերից տեղյակ չէ, այդպես է ընդունել գործարանն ու որևէ մեկը գործարան չի մտել։  Քիչ անց խուզարկություն է կատարվել պահեստում, և հայտնաբերվել են թաքցված զենքերն ու փամփուշտները։ Գրեթե նույն պահին իրեն զանգահարել է Հենրիկ Աբրահամյանը ՝ ձկներին կերակրելու պատրվակով և կրկին կարգադրել է ասել, որ ինքը տեղյակ չէ զենքերից։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել են Հենրիկ Աբրահամյանի կարգադրությամբ իր կողմից թաքցված զենքերն ու փամփուշտները։ 2018 թվականի օգոստոսի 8-ին կասկածյալներ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ընթացքում Ամբիկ Գևորգյանն, ըստ էության, պնդել է նախորդ ցուցմունքը, մինչդեռ Հենրիկ Աբրահամյանը հայտնել է, որ Գևորգյանի ցուցմունքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ 2018 թվականի օգոստոսի 13-ին Ամբիկ Գևորգյանը պաշտպանի ներկայությամբ արդեն որպես մեղադրյալ է հարցաքննվել: Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ զենքն ու զինամթերքն իրեն չի պատկանել և չի պատկանում, ինքը միայն ինչ-որ կերպ օգնել, աջակցել է իր ղեկավար Հենրիկ Աբրահամյանին, կատարել նրա խնդրանքը և այդ արարքում է իրեն մեղավոր ճանաչում։ Ինքը չի հասկացել և չի գիտակցել արարքի հետևանքները, պարզապես առանց մտածելու կատարել է նրա խնդրանքը։ Երբևէ չի իմացել այդ զենքերի օրինական կամ անօրինական լինելու մասին և ավելի շատ կարծել է, որ դրանք պետք է օրինական լինեին, հակառակ դեպքում նման կերպ չէր վարվի։

Վերը նշված պատճառաբանություններով էլ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին մեղադրյալ Ամբիկ Գևորգյանի լրացուցիչ հարցաքննության ընթացքում քննիչի գրավոր հարցադրմանն այն մասին, որ ստացված օպերատիվ տվյալների համաձայն Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանից խուզարկությամբ հայտնաբերված զենք- զինամթերքը տեղափոխվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարզի Մխչյան գյուղի Աճառյան փողոցի 15 հասցեից»՝ Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ զենքերն ու փամփուշտներն իրեն տվել է Հենրիկ Աբրահամյանը «Ֆազենդա» կոչվող տարածքում, որտեղից էլ արդեն միայնակ իր մեքենայով տեղափոխել է դրանք մեխանիկա-վերանորոգման գործարան և թաքցրել պահեստում։ Քննիչի հաջորդ գրավոր հարցադրմանն այն մասին, որ «նույն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ զենք-զինամթերքի տեղափոխումը կազմակերպվել և իրականացվել է Հովիկ Աբրահամյանի թիկազորի պետ Բագրատունի Բարսեղյանի ղեկավարությամբ, որին մասնակցել են նաև մի խումբ այլ անձինք», Ամբիկ Գևորգյանը կրկին պնդել է, որ իրեն «Ֆազենդա» կոչվող տարածք է կանչել Հենրիկ Աբրահամյանը, որը ցույց է տվել զենքերը և կարգադրել դրանք տեղափոխել գործարան, ինչն ինքը կատարել է։

Թե նշված զենքերը որտեղից են ձեռք բերվել, որտեղից են տեղափոխվել «Ֆազենդա» կամ ովքեր են կանգնած եղել նշված զենքերի տեղափոխման և պահելու մեջ՝ իրեն հայտնի չէ։ Ամբիկ Գևորգյանի՝ դատարանում տված ցուցմունքը Երբ դատարանում գործի քննության ընթացքում Ամբիկ Գևորգյանը հայտնել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ, հրապարակվել են նրա՝ արդեն իսկ վերը նշված ցուցմունքները, որից հետո Գևորգյանը հայտնել է, որ թեև ի սկզբանե ասել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, սակայն նախաքննական բոլոր ցուցմունքները հրապարակվելուց հետո ցանկանում է օգտվել ցուցմունք տալու իր իրավունքից՝ ներկայացնելով այն եղելությունը, թե ինչու է տվել նմանատիպ հակասական ցուցմունքներ: Գևորգյանը հայտնել է, որ երբ Մխչյան գյուղի նախկին գործարանի տարածքում իր համար շատ անսպասելի հայտնաբերել են զենք ու զինամթերք, հայտարարել է, որ տեղյակ չի դրանց մասին։ Դրանից հետո, երբ իրեն ձերբակալել են, հաջորդ օրը՝ 07.08.2018 թ. որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ նույնպես նշել է իրականությունը, որ հայտնաբերված զենքերից և զինամթերքից որևէ տեղեկություն չունի, դրանք իրեն չեն պատկանել:

Նույն օրը` 07.08.2018 թ.-ին ժամեր անց, երեկոյան կրկին քննիչի կողմից հարցաքննության ժամանակ պնդել է իր նախորդ ցուցմունքը, որ որևէ տեղեկություն չունի հայտնաբերված զենքերից ու զինամթերքից, սակայն մի քանի հարց տալուց հետո քննիչն իր համար միացրել է մի ձայնագրություն և ասել, որ իրեն ու Հենրիկ Աբրահամյանին գաղտնալսել են, ինքն ու Հենրիկ Աբրահամյանը խոսել են, որից քննիչի համար ակնհայտ է դարձել, որ զենքի մասին են խոսում, դրանք մարտի 1-ի հետ կապված զենքեր են՝ դրանցով մարդ են սպանել ու խոստովանական ցուցմունք տալը, որ այդ զենքերը իրենն են՝ կարող է հիմք հանդիսանալ ձերբակալումից ազատելու համար: Քանի որ ինքը մի անգամ ակնհայտ անմեղ տեղը դատապարտվել էր ու10 տարի պատիժ կրել, հետո՝ արդարացվել, մտածել է, որ ավելի լավ է այդ ձայնագրության բովանդակությունը վերագրի զենքերին և այդ կերպ կարողանա ազատվել ձերբակալումից: Մինչդեռ ցանկանում է շեշտել, որ իրականում իր և Հենրիկ Աբրահամյանի խոսակցության բովանդակությունն այլ բանի էր վերաբերում, և եթե լիներ իրենց հեռախոսային խոսակցության ամբողջ բովանդակությունը, ապա թե՛ դատարանը, թե՛ մեղադրողը կհամոզվեին դրանում:

Բոլոր դեպքերում, թեև արդեն իսկ իր համար պարզ է, որ իր և Հենրիկ Աբրահամյանի հեռախոսային խոսակցությունները ձայնագրվել են ապօրինի, այնուհանդերձ, եթե իրենց խոսակցության ամբողջ ձայնագրությունը կամ ամբողջ տեքստը լիներ, ապա կհամոզվեին, որ այն ունի այլ բովանդակություն: Գևորգյանը հարկ է համարել նաև նշել, որ եթե քննիչի կողմից իրեն չներկայացվեր այդ, առանց օրինական հիմքերի կատարված իր և Հենրիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության մի հատվածը, և դրան չհետևեր քննիչի հարցը այդ ձայնագրության վերաբերյալ, ապա կպնդեր նախկինում իր տված այն ցուցմունքը, որ հայտնաբերված զենք-զինամթերքի հետ որևէ կապ չունի և դրանք տեսնում է առաջին անգամ: Հաշվի առնելով վերը նշվածը՝ քննիչի կողմից ներկայացված այդ ապօրինի ձայնագրությունը լսելուց և այդ ձայնագրության վերաբերյալ տրված հարցին պատասխանել է այն ցուցմունքի տեսքով, որը հրապարակվեց։

Դրանից հետո, քանի որ խոսք էր տվել պնդել այդ ցուցմունքը նաև Հենրիկ Աբրահամյանին առերես, այն պնդել է և ազատ արձակվել ձերբակալումից: Թեև հետագայում կարող էր հրաժարվել այդ ցուցմունքից կամ ընդհանրապես ցուցմունք չտալ, սակայն հաշվի առնելով իր տված խոստումը և վախը, որ կարող է կրկին ձերբակալվել՝ պնդել է այդ ցուցմունքը: Գևորգյանը հայտնել է նաև, որ ինքը քաջատեղյակ էր, որ Հենրիկ Աբրահամյանը որսորդ է և ունի օրինական գրանցված շատ զենքեր և եթե մտովի պատկերացնեն, որ այդ զենքերը կարող էին նրանը լինել, ապա ինքը չէր կարող պատկերացնել, որ դրանք ապօրինի զենքեր են: Այնուհանդերձ, կրկին պնդում է, որ հայտնաբերված զենքերից որևէ տեղեկություն չի ունեցել:

Օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքներն անթույլատրելի են ճանաչվել Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության մեջ քրեական հետապնդում իրականացնող մարմինը որպես մեղադրյալներ Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ նշել է դատարանի որոշմամբ իրականացված և գաղտնազերծված «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված՝ Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը։ Մինչդեռ  Ամբիկ Գևորգյանի և Հենրիկ Աբրահամյանի կողմից օգտագործվող  բջջային հեռախոսահամարներով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում», «արտաքին դիտում և ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելը թույլատրելու մասին որոշումները բեկանվել են։   

Նշենք, որ գործի քննության ընթացքում դատախազը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ թեև Վերաքննիչ դատարանը մերժել է ՕՀՄ իրականացնելու միջնորդությունը, բայց ներքին համոզմունք ձևավորելու տեսանկյունից գործով հավաքված մյուս ապացույցների համատեքստում էական նշանակություն ունեն Հենրիկ Աբրահամյանի և Ամբիկ Գևորգյանի կողմից օգտագործված հեռախոսահամարներից կատարված զանգերի ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը, քանի որ դրանցով հաստատվում է նրանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հանգամանքը:

Դատարանը, սակայն, հիմնազուրկ է համարել դատախազի այս դիրքորոշումը և նշել, որ ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, իսկ եթե այդ գործընթացում անձանց իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվել, ապա դրանց արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալների մեղադրանքի հիմքում դրված հիշյալ ապացույցները՝ գաղտնալսումների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և դրանց զննության արձանագրությունը, որպես անթույլատրելի ապացույց  ճանաչելու վերաբերյալ ամբաստանյալների պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունները հիմնավոր են և անթույլատրելի է ճանաչել ՕՀՄ արդյունքներն ու դրանք հանել ապացույցների շարքից։

Դատարանը նաև արձանագրել որ Ամբիկ Գևորգյանի՝ որպես կասկածյալի լրացուցիչ ցուցմունքի բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է անթույլատրելի ճանաչված ապացույցում առկա տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին, հետևաբար, վերոգրյալ հիմնավորումների համատեքստում դատարանն արձանագրել է, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին Ամբիկ Գևորգյանի՝ որպես կասկածյալի լրացուցիչ ցուցմունքը թույլատրելիության առումով կասկածներ է հարուցում։ Նման պայմաններում արդեն դատարանը հաստատված չի համարել, որ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորյանը գործել են խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ։

Դատարանը հաստատված է համարել, որ հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը պատկանել են Հենրիկ Աբրահամյանին, Ամբիկ Գևորգյանը միայն կատարել է Հենրիկ Աբրահամյանի խնդրանքը և աջակցել՝ զենքերն ու ռազմամթերքը պահելու գործում։ Դատարանի գնահատմամբ՝ առկա չէ որևէ փաստական տվյալ զենքն ու ռազմամթերքը խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ձեռք բերելու, պահելու վերաբերյալ: Այսպիսով՝ ըստ դատարանի գնահատման՝ դատաքննությամբ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցներում առկա փաստական տվյալները բավարար են հաստատված համարելու Հենրիկ Աբրահամյանի և Ամբիկ Գևորգյանի արարքներում Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, այլ ոչ թե 2-րդ մասի հատկանիշների առկայությունը:

Դատարանը պատժի հարցին անդրադառնալիս նշել է, որ ամբաստանյալ Հենրիկ Աբրահամյանը 68 տարեկան է, առաջին անգամ կատարել է միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, նախկինում եղել է Ազգային ժողովի պատգամավոր, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ չկան։  Ամբաստանյալ Ամբիկ Գևորգյանը 73 տարեկան է, կատարել է միջին ծանրության դիտավորյալ հանցագործություն, կենսաթոշակառու է, երրորդ կարգի հաշմանդամ, բնութագրվում է դրական, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ևս չկան։

Այսպիսով՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալներին պետք է 2-ական տարի ժամկետով ազատազրկման դատապարտել։ Համաներում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը նախատեսում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, ուստի՝ դատարանը Ամբիկ Գևորգյանի  Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ համաներում է կիրառել՝ նրանց  ազատելով ազատազրկման ձևով նշանակված պատժից: Դատարանը նաև որոշել է Աբրահամյանի նկատմամբ  ընտրված խափանման միջոց գրավը վերացնել և գրավի գումարը՝ 5 միլիոն դրամը վերադարձնել գրավատուին։   

 

  • Կիսվել: