Բազմաթիվ հայ գործարարներ լռում են Սամվել Կարապետյանի ապօրինի հետապնդման վերաբերյալ. փաստաբան
Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բազմաթիվ հայ գործարարներ շարունակ լռում են Սամվել Կարապետյանի կալանավորման և նրա նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման վերաբերյալ, այս մասին հայտարարել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Մտահոգիչ է հայ գործարարների լռությունը և/կամ անտարբերությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեկին, ով տարիներ շարունակ եղել է երկրի զարգացման առաջատար շարժիչ ուժերից մեկը՝ ներդրումներ կատարելով տնտեսության, մշակույթի և հանրային ոլորտներում»,- նշել է նա։
Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում լռությունը կարող է ընկալվել որպես թուլություն կամ հարմարվողականություն։
Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։Նա տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: