երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնարավոր կլինի բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը

Հնարավոր կլինի բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումը

Հայաստանում հնարավոր կլինի բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումները:  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

«Նախագծի նպատակը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական խորհրդատվության ստեղծումն է»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախագծով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և ԱԺ կողմից ընտրված 2-ական անդամներ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով: 

Բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի ընթացքում ԲԴԽ-ն կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ կարող է որոշումը թողնել անփոփոխ:

 

  • Կիսվել: