երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները

ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները

ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները, որոնց համար դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ողջունել է երիտասարդներին՝ հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի խորացված գիտելիքների ձեռքբերման նախաձեռնողականության համար, ինչն էական նշանակություն ունի նոր սերնդի մոտ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության և հակակոռուպցիոն վարքագծի խրախուսման համար։ Նա կարևոր է համարել քաղաքացիական հասարակության կողմից նման դպրոցի գաղափարի կենսագործումը, այդ շրջանակներում իրավասու մարմիններ ճանաչողական այցեր կատարելով ունկնդիրների պրակտիկ, ոլորտային գիտելիքները զարգացնելու հնարավորության ստեղծումը։

Արսեն Այվազյանը խոսել է պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության վրա կոռուպցիայի ունեցած քայքայիչ ազդեցությունից, ինչպես նաև հանրության մոտ կոռուպցիոն ընկալումները փոխելու, որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց՝ հակակոռուպցիոն կրթությունը, հանրության իրավագիտակցության բարձրացումը խթանելու անհրաժեշտության մասին։   

Երիտասարդներին մանրամասն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և գործառութային նկարագիրը, քրեական արդարադատության համակարգում քննչական աշխատանքի տեղն ու դերը։ Արսեն Այվազյանը ծանոթացրել է քննչական մարմիններում ներդրված՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ինստիտուցիոնալ կառուցակարգերը՝ եկամուտների և շահերի հայտարարագրման, բարեվարքության ինստիուտները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեում կադրային համալրման գործընթացի, ներքին վերահսկողության հակակոռուպցիոն լուծումները։ Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ քննչական կոմիտեի դերը, ՔԿ ստորաբաժանումներում քննվող՝ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ քրեական վարույթների համեմատական վիճակագրությունը։      

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ երկխոսություն։ Երիտասարդները հետաքրքրվել են Քննչական կոմիտեում քննվող կոռուպցիոն վարույթների ծավալներից, քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցներից։ Բացի կոռուպցիայից, անդրադարձ է կատարվել նաև կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկություններին, միջազգային համագործակցությանը, քննիչների ծանրաբեռնվածության և վարձատրության խնդիրներին։

  • Կիսվել: