շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեն ներկայումս ձեռնպահ է մնում «Onyxum» ընկերության վերաբերյալ հրապարակային բանավեճից

ՀՀ քննչական կոմիտեն ներկայումս ձեռնպահ է մնում «Onyxum» ընկերության վերաբերյալ հրապարակային բանավեճից

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։

Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum»  անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013թ-ից Իրանի տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:

Նշենք, որ խոսքը մեծ աղմուկ հանած «Onyxum» ընկերության մասին է, որի խաբեության ու մեքենայությունների զոհ են դարձել արդեն Հայաստանի հազարավոր քաղաքացիներ: Արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ տարածքում այս ընկերության գործունեությունը համակարգող 11 անդամների:

  • Կիսվել: