ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով

Խոսքը 2018 թվականին ԿԳ նախարարի հայտնի հայտարարությունից սկիզբ առած և մոտ մեկ տարի առաջ ընթացք ստացած քրեական գործի մասին է` «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «հնարավոր չարաշահումների» վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել: Այս մասին ասցում է «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հայտարարությունում։

Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբ»-ի նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբ»-ում չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները։ «Այբ» համայնքը այսպիսի պայմաններում ոչ միայն պայքարել է իր անվան և իր ստեղծած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի նկատմամբ հարձակումների դեմ, այլև առանց կանգ առնելու, հետևողականորեն շարունակել ներդրումներ կատարել, պահպանել և զարգացնել Արարատյան բակալավրիատը` Հայաստանի Հանրապետության և Արցախի աշակերտներին այն հասանելի դարձնելու նոր հնարավորություններ փնտրելով:

Հարկ է արձանագրել, որ Արարատյան բակալավրիատն առ այսօր միակ հայալեզու կրթական ծրագիրն է, որն ունի միջազգային ճանաչում և համարժեք է բրիտանական A Level և ամերիկյան Advanced Placement որակավորումներին: Ցավոք, ՀՀ ԿԳ նախարարությունը 2018 թ. առանց որևէ հիմնավորման կասեցրեց Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ պետական դպրոցներում, և այդ ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մարզերում և Արցախում բազմահազար աշակերտներ զրկվեցին համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան այդ ծրագրով անվճար սովորելու հնարավորությունից` առանց համարժեք այլընտրանք ունենալու: Փոշիացվեցին ծրագրի իրականացման նպատակով պետության և «Այբ» հիմնադրամի ներդրած հսկայական ֆինանսական միջոցներ ու բազմաթիվ մասնագետների կատարած մտավոր ներդրումները: Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները:

 

  • Կիսվել: