շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում մի շարք փոփոխություններ են նախատեսվում

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում մի շարք փոփոխություններ են նախատեսվում

Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված հանրային քննարկումները շարունակվում են:

Այսօրվա քննարկման թեման վերաբերում էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա խնդիրների վերհանմանը և դրանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին:

Նախատեսվող բարեփոխումներով, ի թիվս այլնի, առաջարկվում է լրացնել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը, սահմանել դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը, նախատեսել գործը վարչական դատարանին վերահասցեագրելու հնարավորություն, նախատեսել դատական նիստից դուրս ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու հնարավորությունը, վերանայել դատական ծանուցումների իրականացման հետ կապված մի շարք կարգավորումներ:

Առաջարկվող փոփոխությունները միտված են պրակտիկայում առաջացած խնդիրների լուծմանը, քաղաքացիական դատավարության արդյունավետության բարձրացմանը և դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Քննարկմանը հրավիրված էին ինչպես օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձիք։

Հիշեցնենք, որ հանրային քննարկումները տեղի են ունենում Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

  • Կիսվել: