երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությանը խաբել են. «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանությանը խաբել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ոստիկանությանը խաբել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս տարվա օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում եւ հայտնաբերել մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, ՀՀ ոստիկանության կարիքների համար նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու եւ Շիրակի մարզերի հերթապահ պարեկային մեքենաների համար համացանցային ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպվել է գնման ընթացակարգ: Հաղթող ճանաչվել է «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը, որի հետ էլ պայմանագիր է կնքվել այս տարվա հունվարի 26-ին:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 320 հազար դրամ: Հետո պարզվել է, որ այս ընկերությունը մատուցել է թերի ծառայություն: Բացի այս, մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է հստակ պահանջ, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա 300կմ/ժ արագությամբ շարժվելիս: Ավելին՝ մատակարարը ՀՀ ոստիկանություն ներկայացրել է ցպահանջ գրություն, ըստ որի՝ ABETECHS GmbH ընկերության գործադիր տնօրենը հավաստում է, որ տեսախցիկները կարող են տարբերակել եւ ճանաչել պետհամարանիշները մինչեւ 400 կմ/ժ արագությամբ շարժվելիս:

Պատասխանատու ստորաբաժանումը, առանց փորձաքննության կամ ստուգաչափման, հիմք ընդունելով գրությունը, տվել է դրական եզրակացություն, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, բայց հետո ոստիկանության եւ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի հետ կապված ոստիկանության ներսում ծառայողական քննություն է իրականացվել: Ոստիկանության պետի հանձնարարությամբ դրա արդյունքում կազմված փաստաթղթերը այս տարվա օգոստոսի 22-ին ուղարկվել են ՀՀ դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օգոստոսի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: