կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո՝ Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի գործով

ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո՝ Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։

Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին, Հովհաննիսյանն ու Սարգսյանը՝ 4 ծառայակիցների հետ հայտնաբերվել են սպանված։

Դեպքի վայրում զննություն իրականացնելիս հայտնաբերվել է հրազենը՝ կալաշնիկով ավտոմատ, որով սպանվել էին զինվորները, այն մահացածներից Կ․Ա․-ի ոտքերի մոտ է եղել։ Հարցաքննվողները փաստել են, որ փոխգնդապետ Վ.Պ.-ն սպանություններից ժամեր առաջ փոխգնդապետ Ս.Գ.-ի հետ գնացել է դիրքեր, որտեղ գտել են հերթապահություն իրականացնող զինծառայողներին քնած։ Շարքային Դ.Հ.-ն հայտնել է, որ լսել է ինչպես է փոխգնդապետ Վ.Պ.-ն վիրավորում, հարվածում Կ․Ա․-ին ու ծառայակից Ա.Ս․-ին։ Այնուհետ Դ․Հ․-ն լսել է ինքնաձիգի լիցքավորման ու անմիջապես հետո հրազենի տևական արձակումների ձայնը:

Քննությունը պարզել է, որ Հուլիսի 28-ին Կ.Ա.-ն իրեն հատկացված «Կալաշնիկով» ավտոմատից կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով 5 զինծառայողները ակնթարթորեն մահացել են։ Անմիջապես հետո ինքնասպան է եղել Կ․Ա․-ն։ Բժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ բոլոր զինծառայողները օգտագործել են քիչ քանակով ալկոհոլ, իսկ Կ․Ա․-ն եղել է հարբած։

Մինչև զինծառայության անցնելը, 1992-ից Կ․Ա․-ն բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ բազմաթիվ անգամներ դատապարտվել է բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ապօրինի հրազենի և թմրանյութերի պահպանման և ուղղիչ հիմնարկից փախչելու համար: 2009-ին ԱՄՆ-ից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն և զորակոչվել բանակ։

2012 թվականի հուլիսի 28-ին քննիչ Մ.Բ.-ն որոշել է կարճել վարույթը այն հիմքով, որ իրավախախտումներ կատարած անձինք, մասնավորապես՝ շարքային Կ.Ա.-ն (երկու և ավելի անձանց սպանություն) և ավագ լեյտենանտ Վ.Տ.-ն (պաշտոնական լիազորությունների չարաշահում) մահացել է։

ՀՔԱՎ-ը՝ ի դեմս ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանի ստանձնել է Հովհաննիսյանի և Կարապետյանի իրավունքների պաշտպանությունը ներպետական ատյաններում, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այսօր՝ 17․10․2023-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը՝ հօգուտ Հովհաննիսյանի և Կարապետյանի։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի նյութաիրավական և դատավարական բաղադրիչները, նաև 13-րդ հոդվածը։ Զինծառայողները չէին սպանվի, եթե զորամասի հրամանատարությունը ուսումնասիրեր Կ․Ա․-ի Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ նրա կատարած իրավախախտումները, նրա արտաքսումը և զինծառայության զորակոչվելու հանգամանքները, պահպանվեր հրազենը բեռնաթափելու և պահեստավորվելու ընթացակարգը, չկիրառվեին ոչ կանոնադրական, փողոցային մեթոդները։

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավորվում է վճարել 30 հազարական եվրո Մ․ Հովհաննիսյանի և Ս․ Կարապետյանի որդիների կյանքի իրավունքի խախտման համար։

  • Կիսվել: