ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ՀՀ-ն անպայման պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ ադրբեջանական ռազմական հանցագործություններին իրավական գնահատական տալու համար․ իրավապաշտպան

ՀՀ-ն անպայման պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ ադրբեջանական ռազմական հանցագործություններին իրավական գնահատական տալու համար․ իրավապաշտպան

«Կարծում եմ ՀՀ-ն  անպայման պիտի դիմի  Միջազգային քրեական դատարան՝ ադրբեջանական ռազմական հանցագործություններին իրավական  գնահատական տալու համար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ  Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ ինքն աջակցում է քրեական դատարան դիմելու գաղափարին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի իրավասության մեջ են մտնում ցեղասպանության, ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝  միջազգային քրեական դատարան դիմելու համար որոշակի իրավական խոչընդոտներ կան, որոնք հաղթահարելի են․ «Կարծում եմ՝ երկրի անվտանգությունը մեծացնելու, քաղաքացիներին պաշտպանություն տալու տեսանկյունից կարևոր զարգացում կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն այս կատարվող հանցագործությունների նկատմամբ տարածելը»։

Ըստ Սահակյանի՝ Միջազգային քրեական դատարան դիմելու հարցն այսօր քննարկվում է մասնագիտական  լսարանում․ «Քննարկումների նպատակն օրենսդրական խոչընդոտները  հաղթահարելն է և դրանք հաղթահարելու  ուղին իշխանություններին ցույց տալն է»։

Իրավապաշտպանը վստահեցնում է, որ կան Միջազգային քրեական դատարան դիմելու որոշակի  ճանապարհներ և, անգամ այս պայմաններում կարելի է, դատարանի ներգրավմամբ  հանցագործների պատժելիության հարց դնել։

Միջազգային քրեական դատարան դիմելու խոչընդոտներից մեկն այն է, որ ՀՀ-ն թեև 1999-ին ստորագրել է, սակայն չի վավերացրել համագործակցության արձանագրությունը, Սահակյանի խոսքով դատարան դիմելու ուղիներից մեկը արձանագրությունն այժմ վավերացնելն է․ «Քանի որ  ադրբեջանական կողմն արդեն ՀՀ սուվերեն տարածքում է, ապագա միջադեպերի առնչությամբ կարևոր է դատարանի իրավազորությունն ունենալը»։

Դատարան դիմելու համար  կա նաև մեկ այլ ուղի․ « ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատանք տանելու պարագայում ևս հարցը կարող է  հղվել  Միջազգային քրեական դատարանին։ Մեկ այլ ուղի  է, ըստ իրավիճակի,  դատարանի իրավազորության ճանաչումը, որի պարագայում նաև հետադարձ ուժի առնչությամբ կարող են հայտարարություններ լինել։ Այսինքն՝ երեք հնարավոր ճանապարհ կա, և մասնագիտական  լսարանը քննարկում է հենց այդ  ուղիները»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

Միջազգային դատարան դիմելու հարցում կարևոր է նաև Սահմանադրական դատարանի կողմից իրավական նոր մոտեցումներ ձևավորելու խնդիրը։ Դեռ 2004 թ-ին ՍԴ-ն եզրակացություն է ներկայացրել, որ քրեական դատարանի կանոնադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ «Նախկինում Սահմանադրական դատարանը  հակասահմանադրականության  վերաբերյալ եզրակացություն է տվել։ Այդ եզրակացությունից հետո, սակայն, Սահմանադրությունը ենթարկվել է փոփոխությունների, բայց էական փոփոխություններ չեն կատարվել այն դրույթներում, որոնց հակասող է ճանաչվել  Հռոմի ստատուտը (Միջազգային քրեական դատարանը հիմնվել է հռոմեական ստատուտի հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին- հեղ)։ Բայց, այժմ իրավական մոտեցումների տեսանկյունից, բացառապես, ՍԴ-ի տիրույթում է  ստատուտի հակասահմանադրականության հարցը»։

Հաշվի առնելով  այս բոլոր խոչընդոտները՝ Սահակյանը նշում է․ «Այս դատարան​ին​​​​​​ դիմելու փորձ չունենք, չի էլ կարող լինել,  քանի դեռ հաղթահարված չեն այս ֆորմալ պահանջները։ Նախ պետք է լինի  դատարանի իրավազորությունը, որից հետո  քննարկվեն կոնկրետ դեպքեր և պատասխանատուներ»։

Հաշվի առնելով առկա խնդիրներն ու խոչընդոտները՝ Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առնչությամբ Միջազգային քրեական դատարան դիմելու մի քանի հավանական տարբերակներ է առաջարկում․  «Դիմելու հարցը հնարավոր է հաղթահարել սահմանադրական փոփոխությունների միջոցով, որը, իհարկե, ժամանակատար գործընթաց է։ Հնարավոր է նաև դիմել Միջազգային քրեական դատարան և ստանալ որոշակի կարծիք։ Բայց սա այն դեպքն է, երբ մենք քննարկում ենք վավերացման ճանապարհը՝ վավերացմամբ դատարանի  իրավազորությունը մշտապես ճանաչելը»,- հաշվի առնելով նշված գործընթացների ժամանակատար լինելը՝ Սահակյանն առաջարկում է այս փուլում  ժամանակավորապես ճանաչել դատարանի իրավազորությունը, որն առավել հեշտ գործընթաց է ։

«Նույնաբնույթ և նույնամասշտաբ հանցագործություններ կատարվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։  Սա ևս ապացույց է, որ այդ քաղաքականությունն ունի շարունակականություն և կանխելու արդյունավետ միջոց կարող է լինել նաև  Միջազգային քրեական դատարանի  իրավազորություն ստեղծելը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

  • Կիսվել: