հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

ՀՀ ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

Հուլիսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, Կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ Կացարանում բնակվող ապաստան հայցող անձանց համար հասկանալի լեզվով, ընդհանուր առմամբ, հասանելի է Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները:

Այնուամենայնիվ, հաստատության ընդհանուր օգտագործման կամ այլ հասանելի վայրերում բացակայում են ապաստան հայցողների իրավունքների, այդ թվում՝ Պաշտպանին դիմելու իրավունքի վերաբերյալ իրազեկման նյութերը:

Կացարանում բնակվող անձանց հետ առանձնազրույցների ընթացքում նրանց պարզաբանվել են ապաստան հայցողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները:

Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ շարունակում է չլուծված մնալ Կացարանում բնակվող անձանց հատուկ սննդի տրամադրման հարցը:

Ապաստան հայցողներին տրամադրվում է միևնույն տեսակի սնունդ՝ առանց հաշվի առնելու նրանց կրոնական ու ազգային պատկանելիությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված որոշակի սննդատեսակներից օգտվելու անհնարինությունը: Միևնույն ժամանակ, պարտադիր հատկացման ենթակա սննդամթերքի որոշ տեսակներ ներառված չեն տրամադրվող սննդի փաթեթներում։

Շարունակում է մտահոգիչ մնալ Կացարանի, հատկապես՝ ընդհանուր օգտագործման խոհանոցի սանիտարահիգիենիկ պայմանները։ Մասնավորապես, այցի ընթացքում արձանագրվել է խոհանոցում տարատեսակ միջատների առկայություն, որոնք հասանելիություն ունեն նաև սննդամթերքին և պատրաստված սննդին։

Հարկ է ընդգծել, որ խնդիրը բարձրաձայնվել է դեռևս 2017 թվականի՝ ՀՀ-ում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում և հաջորդիվ տարեկան զեկույցներում, սակայն մինչ օրս խնդիրը շարունակում է մնալ արդիական։

Հարկ է նշել, որ ապաստան հայցողների, ինչպես նաև փախստականների համար նախատեսված կացարաններում ոչ բավարար սանիտարահիգիենիկ պայմանները հանգեցնում են պետության՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ սկզբունքի խախտմանը:

Պաշտպանը ևս մեկ անգամ խիստ անհրաժեշտ է համարում հրատապ և մասնագիտացված դեզինսեկցիոն աշխատանքների կազմակերպումը Կացարանի տարածքում։

Այցի արդյունքում արձանագրվել է նաև, որ Կացարանում աշխատում է ընդամենը մեկ՝ պարսկերենի թարգմանիչ, ինչը խնդիր է առաջացնում մյուս ապաստան հայցողների՝ իրենց հասկանալի լեզվով պատշաճ հաղորդակցության ապահովման տեսանկյունից:

Ապաստան հայցողներին կացարանում տեղավորելիս Կացարանի շենքային անբավարար պայմանները թույլ չեն տալիս հաշվի առնել նրանց ընտանիքի անդամների թիվը, սեռը, տարիքը և այլ կարեւոր հանգամանքներ:

Հարկ է ընդգծել, որ Կացարանն ամբողջովին հարմարեցվածված չէ հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց բնակեցման համար անհրաժեշտ պայմաններին։ Վերջիններիս համար առաջին հարկում նախատեսված սենյակները կահավորված չեն խոհանոցներով, իսկ Կացարանը չունի վերելակ, ինչը լրացուցիչ դժվարություն է ստեղծում երկրորդ հարկի խոհանոցից օգտվելու համար։ Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձը չի կարող նաև ինքնուրույն հաղթահարել աստիճանավանդակներն բարձրանալու և իջնելու դժվարությունը, ինչի արդյուքում վերջինս, ըստ ցանկության, չի կարող դուրս գալ Կացարանից։

Մտահոգիչ է մնում ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված անձանց լոգանքի կազմակերպման սահմանափակ հնարավորությունները՝ հատկապես ամառվա ամիսներին։

Ընտանիքի անդամների հետ կապ պահպանելու իրավունքի ապահովման տեսանկյունից Կացարանն ապահովված էր ինտերնետային կապով, սակայն սահմանափակ ժամանակային հասանելիությամբ, որի վերաբերյալ ներկայացվեցին որոշ հիմնավորումներ։ Հարկ է նշել, որ Կացարանում առկա չէին հաղորդակցության համապատասխան տեխնիկական սարքավորումներ, որոնցից ապաստան հայցող անձինք կարող են օգտվել անձնական սարքերի բացակայության դեպքում։

Առանձնազրույցի ընթացքում Կացարանի տնօրինությունը, որպես առաջնահերթ խնդիր, նշել է Կացարանի անվտանգության ապահովման հարցը: Կացարանի անվտանգությունը ապահովվում է պահակակետի միջոցով, որը, սակայն, բավարար չէ Կացարանի անվտանգության ապահովման հարցերի կարգավորման համար։

Կացարանի աշխատակիցների կողմից բարձրաձայնվել է նաեւ հարևան մասնաշենքից կոյուղաջրի արտահոսքի և բակի հատվածում կուտակումների, հատկապես՝ ամռան շոգի պայմաններում տարածվող գարշահոտության խնդիրը, որը Միգրացիոն ծառայության ղեկավարի հավաստմամբ մինչև տարեվերջ լուծման ենթակա հարցերի ցանկում է։
Չնայած Կացարանում բնակվող ապաստան հայցող անձանց տարածքային առողջության պահպանման առաջնային կենտրոնում հաշվառված լինելուն՝ բնակիչները մտահոգություն են հայտնել իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու կապակցությամբ։

Գործնականում շարունակում են խնդիրներ առաջացնել նաև առկա օրենսդրական բացերը: Մասնավորապես, չլուծված է մնում փախստականի կարգավիճակի համար անհրաժեշտ չափանիշները չբավարարող, սակայն չվերադարձելիության սկզբունքի պաշտպանությունից օգտվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի հարցը:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ապաստան հայցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները մեծամասամբ կրում են համակարգային և շարունակական բնույթ։

Հարկ է ընդգծել, որ Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ տեղում քննարկվել են արձանագրված հիմնախնդիրները եւ Ծառայության ու Կացարանի տնօրինության կողմից դրանց լուծմանը միտված գործողությունները։

Մասնավորապես, քննարկումների շրջանակներում Պաշտպանին է ներկայացվել ապաստան հայցողների նոր կացարանի՝ 2021 թվականին Աբովյան քաղաքում մեկնարկած շինարարական աշխատանքների իրականացման ընթացքը, որի շահագործման դեպքում ներկայացված հինախնդիրների մեծ մասը կարող են հասցեագրվել։ Ծառայության ղեկավարը ներկայացրել է նաև օրենսդրական խնդրի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Արձանագրված խնդիրների լուծման շրջանակներում Պաշտպանը մշտապես համագործակցում է Միգրացիոն ծառայության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև ոլորտում ակտիվ աշխատանք կատարող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, ինչպես նաև ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում ոլորտի քաղաքականություն մշակող մարմնին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ»։

  • Կիսվել: