հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆին։

Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։ Մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ պարոն Շկոլնիկովը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին իր գործունեության շրջանակներում և առավել խորացնելու համագործակցությունը, որն ի թիվս այլնի ուղղված կլինի նաև Պաշտպանի հաստատության կարողությունների զարգացմանը։

Պաշտպան Գրիգորյանը Վլադիմիր Շկոլնիկովին ներկայացրել է իր մանդատի շրջանակներում առանձնացված առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրներին։

Այնուհետ Կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները և պատրաստակամություն հայտնել մեկտեղելու ջանքերը դրանք հասցեագրելու նպատակով։

  • Կիսվել: