Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Արման Թաթոյանի պատասխանը ՊՆ-ին
ՄԻՊ Արման Թաթոյանը նոր գրառում է կատարել, անդրադառնալով ՊՆ-ի վերջին հաղորդագրությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։
Արման Թաթոյանը, մասնավորապես, գրել է․
"1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում ենք փակված":
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում նա հայտնել է, որ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը:
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում: Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է տարածել։
Նշենք նաև, որ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հարցազրույցում Թաթոյանի մասին ասել է, որ նա ՛՛ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում՛՛: