կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ աշխատակազմում հյուրընկալել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցի ուսուցիչների ու աշակերտների։ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին: Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին: Երեխաները տեղեկացրել են, որ իրենց դպրոցում գործում է բանավեճի խմբակ և ելույթները պատրաստելիս իրենց նախաձեռնությամբ օգտվում են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներից, զեկույցներից ու մամուլի հաղորդագրություններից։ Նրանց հատկապես հետաքրքրել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեման:

Պաշտպանը նշել է, որ համացանցում տարածվող վիրավորանքները, հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացումը ու լարվածության տարածումը խիստ դատապարտելի է և պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով: Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

  • Կիսվել: