հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վանաձորում հարազատ եղբայրները հարձակվել են օպերլիազորների վրա, ծեծել, կրակել նրանց ուղղությամբ

Վանաձորում հարազատ եղբայրները հարձակվել են օպերլիազորների վրա, ծեծել, կրակել նրանց ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 18-ին հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մաս» թաղամասի 2 բնակիչ թմրամիջոց են իրացնում ու այդ պահին նրանք գտնվում են Opel մակնիշի ավտոմեքենայում՝ «Դարպասի ճալ» կոչվող հատվածում։ 

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության 2 օպերլիազոր իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով մեկնում են նշված վայր, որտեղ նկատում են կասկածելի Opel-ը։

Քրեական հետախույզները մոտենում են ավտոմեքենային, ներկայանում՝ ցույց տալով ծառայողական վկայականներն ու ասում են, որ ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով այդ 2 երիտասարդը պետք է իրենց հետ գնան ռեգիոնալ վարչություն։ 

Երիտասարդները սկսում են անկանոն շարժումներ կատարել, դուրս են գալիս ավտոմեքենայից ու ուղևորվում դեպի գետի կողմը։ Օպերլիազորները, նրանց հետևից գնալով, նկատում են, որ նրանք փորձում են ինչ-որ բան նետել գետի ուղղությամբ։

Օպերլիազորներից մեկը կարողանում են բռնել ավտոմեքենայի միջից իջած ուղևորի ձեռքից, որպեսզի նրան տանի իր ծառայողական ավտոմեքենան, սակայն նրանք հրաժարվում են ու սկսում են քաշքշել, միաժամանակ հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության հասցեին, ապա հարվածում ու օպերլիազորներից մեկին գցում են գետնին ու սկսում հարվածել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողը գլխի մասում մարմնական վնասվածք է ստանում։ 

Դրանից հետո երիտասարդներից մեկը կրակոցներ է արձակել, ապա դիմել փախուստի։ Ոստիկաններին օգնության են հասել նրանց գործընկերները, ովքեր կրակոցներ արձակող երիտասարդին կարողացել են վնասազերծել, իսկ վարորդը, նստելով վերը նշված ավտոմեքենան, քշել է ոստիկանների ուղղությամբ, ապա ընկերոջ հետ ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Սկսվել է հետապնդում, ու արդեն Դարպաս գյուղից դեպի Լեռնապատ գյուղ տանող ճանապարհին ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են նրանց, ապա բերման ենթարկել Ոստիկանության Տարոնի բաժին։ 

Երիտասարդները Վանաձորի բնակիչներ՝ 23-ամյա Գոռ Գ-ն և 25-ամյա Գուրգեն Գ-ն հարազատ եղբայրներ են։

  • Կիսվել: