կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայտնի է Գեւորգ Լոռեցյանի գործը քննող դատավորը

Հայտնի է Գեւորգ Լոռեցյանի գործը քննող դատավորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրայիմ կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Հովհաննիսյանը հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վարորդ եւ սպասարկելով նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ պաշտոնատար անձ հանդիսացող Գեւորգ Լոռեցյանին, տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաեւ խչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրաչիկ Քանանյանը հանդիսանալով «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ պաշտոնատար անձ հանդիսացող Գեւորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

  • Կիսվել: