Հայտնի է Գագիկ Խաչատրյանի և եղբորորդու գործով դատական առաջին նիստի օրը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, նշված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին ժամը 12։00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը:
Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2014թ. մարտի 12-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014թ. մարտի 12-ից մինչև 2014թ. մայիսի 23-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014թ. մայիսի 23-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական՝ 2008թ. հունիսի 4-ից մինչև 2008թ. օգոստոսի 20-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը: