հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդ․ ՔԿ

«Հայփոստ»-ի ինկասացիայի ավտոմեքենայից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա տղամարդ․ ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է օրեր առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող ինկասացիայի ավտոմեքենայից կատարված գողության դեպքը:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13:50-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Չարենցավան քաղաքի «Հայփոստ» բաժանմունքի դիմաց կայանված ինկասացիայի ավտոմեքենայից անհետացել է  կենսաթոշակների համար նախատեսված գումարով պարկը, որի մեջ եղել է 6,5 մլն դրամ: 

Դեպքի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: 

ՔԿ-ի հաղորդմամբ՝ նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք և պատրաստակամություն հայտնել ներկայացնել գողոնը: 

33-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարված խուզարկության ժամանակ նա ներկայացրել է իր բնակարանում պահվող 6,5 մլն դրամ գումարը, որն առգրավվել է: 

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: