կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը պատվոգիր է ստացել առողջապահության նախարարությունից

«Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը պատվոգիր է ստացել առողջապահության նախարարությունից

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատվոգիր է հանձնել «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին՝ Հայաստանի մարզերում և Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու, կամավորների միջոցով հանրության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար:
 
«Շատ կարևոր էր «Հայկական Կարմիր խաչի» աջակցությունը՝ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ընկերությունը կանգնած է պետության կողքին: Առանձնահատուկ ուզում եմ նշել կամավորների նվիրվածությունը: Տպավորված ենք, թե ինչ մեծ արագությամբ նրանք կազմակերպված ձևով Ազատության հրապարակը վերածեցին պատվաստման կետի և, թե որքան սրտացավ էին վերաբերվում պատվաստվողներին: Շատ շնորհակալ ենք համագործակցության համար, քանի որ, եթե մենք այսօր ասում ենք, որ բնակչության մեծամասնությունը ստացել է պատվաստման առաջին դեղաչափը, այստեղ դուք ունեցել եք ձեր ներդրումը», – հանձնելով պատվոգիրը` նշել է Լենա Նանուշյանը:

  • Կիսվել: