շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը լրացված դիմում է ուղարկել ՄԻԵԴ, որովհետեւ անհապաղ բուժօգնության կարիք ունեցողների թիվն ավելացել է. Դրմեյան

Հայաստանը լրացված դիմում է ուղարկել ՄԻԵԴ, որովհետեւ անհապաղ բուժօգնության կարիք ունեցողների թիվն ավելացել է. Դրմեյան

Միազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ոչ միայն Եվրոպական դատարան է գանգատ ներկայացրել, այլ նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։

«Արդարադատության միջազգային դատարան դիմել ենք նամակով, խնդրելով, փոխանցել Ադրբեջանին մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի ազատ տեղաշարժի իրավունքն ապահովել»,- նշեց նա։

Դրմեյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը պահանջը չբավարարի, ապա կներկայացվի նոր նախականխիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում։

«Մեկ դիմում ներկայացրել էինք 2021-ին՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում, որը բավարարվել էր եւ մի քանի կոմպոնենտ ուներ՝ ատելության խոսքի վերացում, հետաքննությունների իրականացում, պատմամշակութային հուշարձանների պահպանություն եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն։ Երկու օր առաջ է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան, բառացիորեն րոպեների ընթացքում մենք ծանուցում ենք ստացել դատարանից, որ փոխանցվել է Ադրբեջանին»,- ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

Անդրադառնալով ՄԻԵԴ ներկայացված դիմումին ՝ Դրմեյանն ասաց, որ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը երկու կոմպոնենտ է ներառում՝ ամբողջությամբ ապաշրջափակել ճանապարհը եւ նշված են այն անձանց տվյալները, որոնք Հայաստան տեղափոխվելու անհապաղ անհրաժեշտություն ունեն. «Մեր դիմումն ուղարկելուց 1-2 ժամ անց ստացանք դատարանի նամակն այն մասին, որ Ադրբեջանին տրված է մինչեւ երկուշաբթի ժամը 16։00-ն ժամանակ, որպեսզի ներկայացնի դիրքորոշում մեր պահանջի վերաբերյալ»։

Անդրադառնալով պրակտիկային՝ մասնագետն ասաց, որ եթե 44-օրյա պատերազմի հատկապես ակտիվ փուլում ներկայացվող միջանկյալ միջոցներին Ադրբեջանը պասիվ էր արձագանքում, ապա հետպատերազմյան շրջանում ձեռնարկված իրավական գործընթացներին Ադրբեջանը շատ արագ է արձագանքում կամ առնվազն ինֆորմացիա է տրամադրում. «Սա ենթադրում է, որ այս պրոցեսները որոշակի ազդեցություն ունենում են»։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ըստ որոշման՝ Ադրբեջանին ժամանակ տրամադրվել մինչեւ երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: