հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործն ուղարկվել է դատարան

Հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են:

Քննությամբ պարզվել է, որ վերջիններս, 2022թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, Երևան քաղաքում իրականացվող հավաքներին լայն շրջանակներ ներգրավելու համար, մարդկանց նյութապես շահագրգռելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձանցից, գումարներ են ստացել ու բաժանել, ինչի կապակցությամբ միմյանց հետ կատարել են բազմաթիվ քննարկումներ, որոնցից մեկի վերաբերյալ ձայնագրությունը և հրապարակումը տարածվել էր համացանցում:

Նախաքննության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվել են նաև խուզարկություններ, որի ընթացքում Այգեշատ բնակավայրի՝ հիշյալ բնակիչներից մեկի տանը հայտնաբերվել է ռազմամթերք հանդիսացող АК  տեսակի ինքնաձիգներից, РПК տեսակի ձեռքի գնդացիրներից և դրանց մոդիֆիկացիաներից կրակելու համար նախատեսված մարտական 7, տարբեր տեսակի որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված 2 փամփուշտներ և Mauser տեսակի ատրճանակ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Այգեշատի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ մյուսին՝ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: