երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հասմիկ Պողոսյանը, ընտանիքի անդամներն ու օֆշորային ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են Ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Հասմիկ Պողոսյանը, ընտանիքի անդամներն ու օֆշորային ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են Ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նախկին նախարարին, ամուսնուն, երկու որդուն պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ուսումնասիրվում է նաև Բրիտանական Վիրջինյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության գույքը, գրում է Հետքը:

Նախարարի ընտանիքին հրավիրում են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:

Այդ շրջանակներում իրականացվել է նաև «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ նախագահության անդամ, ինչպես նաև նույն ՀԿ-ի հիմնադրած «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի մոր՝ Ադելա Ստեփանյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրություն: Վերջինս ևս հրավիրվել է դատախազություն:

Թե ուսումնասիրությունն ինչ ծավալներ է ընդգրկել կամ որ գույքերն են ենթակա բռնագանձման՝ հայտնի չէ: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում գույքի ցանկը՝ պատճառաբանելով, որ հայտնած դիրքորոշումների, ներկայացրած ապացույցների հիման վրա ցանկը կարող է փոփոխվել:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի և նույն ՀԿ-ին պատկանող «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի գործի քննությունը: Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափով փողերի լվացման համար։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սմբատյանը, Գոռ Դավթյանի, ՀԿ-ի առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, վերջինիս հարս՝ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ԲՎԿ ընկերության տնօրեն Ֆրանչեսկա Կուտրուպի հետ 2011-2014թթ․ ընթացքում նախնական համաձայնությամբ և համակատարմամբ ՀԿ-ին պատկանող Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքը և 0,0467 հա. մակերեսով հողամասը ձևական գործարքով օտարել է Սարգիս Մարտիրոսյանին: Որից հետո նշված գույքը փոխարկել է` գույքի նկատմամբ իրավունքները վաճառելով Գագիկ Սայադյանին։

Գոռ Դավթյանը ձևական գործարքով նշված գույքից ձեռք է բերել 25% բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ:

«Հետքը» դեռ 2015-ին էր գրել, որ Անտոն Քոչինյանի 1955թ. կարգադրությամբ 2001 թվականին սեփականաշնորհվել է Երեւանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը։ Այն մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկն է: ԱՕԿՍ-ի շենքը պետական հուշարձան է, որը 2001-ին սեփականաշնորհել են Արմեն Սմբատյանը և ևՀասմիկ Պողոսյանը:

Բացի այդ, քրեական հետապնդում է հարուցվել Հասմիկ Պողոսյանի նկատմամբ: Վերջինս, 2012-2016թթ. զբաղեցնելով մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊԸ-ի հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:

  • Կիսվել: