Հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է. Լուսավոր Հայաստան
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։ Այս մասին գրում են ԼՀԿ կառավարման խորհրդից:
«Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։
Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։
Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից»,- նշված է հայտարարության մեջ։



