հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 22 տարեկան է․ ուղերձ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 22 տարեկան է․ ուղերձ

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձ  է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22 ամյակի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ,

Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22 ամյակի առթիվ:

Ծառայության կենսագրության այս տարիների համապատկերը թույլ է տալիս ոչ միայն գույքագրել ծառայությունում իրականացված բարեփոխումները, արձանագրած ձեռքբերումներն ու բացթողումները, այլ նաև վերլուծել նոր մարտահրավերները և ուղենշել առաջիկա անելիքներն ու զարգացման հեռանկարները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման գործընթացի օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում:  

Ծառայությունը, հավատարիմ լինելով արդարադատության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հայեցակարգային մոտեցումներին, իր ամենօրյա աշխատանքով հետամուտ է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների արդյունավետ իրականցմանը:

 Այսօր էլ մեզանից՝ որպես պետական մարմինների և հասարակության միջև արդյունավետ և իրավունքահեն հարաբերությունները երաշխավորող հիմնական կառույցից, սպասելիքները մեծ են: Եվ պատահակ չէ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր առաջնային խնդիրներից է համարում ոչ միայն Ծառայության գործունեության օրինականության, մատչելիության և թափանցիկության ապահովումը, այլ նաև հասարակական ընկալումներում Ծառայության նկատմամբ վստահության ցուցիչի  բարձրացումը: Այս հարցում առանցքային է մեզանից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական և հաշվետու աշխատանքը: Պատասխանատվության այն չափաբաժինը, որ ունի մեզանից յուրաքանչյուրը, պետք է լինի առաջնորդող՝ մեր աշխատանքը լավագույնս կատարելու ձգտմամբ, իսկ երբեմն Ծառայության աշխատանքին հասցեագրված ողջամիտ քննադատությունը պետք է դիտարկել որպես ազդակ՝ եղած բացթողումները շտկելու, նոր մարտահրավերները հաղթահարելու, անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ օրենսդրական լուծումներ գտնելու համար: 

 Համակարգային բարեփոխումների համատեքստում այսօր, առավել քան երբևէ, մեր հարկադիր կատարողը պետք է առանձնանա մարդկային և մասնագիտական բարձր որակներով՝ իր ամուր կամային հատկանիշներով, բարոյական արժեհամակարգով, ամենօրյա հաշվետու աշխատանքով:

 Ուզում եմ այս նշանակալի օրը գնահատանքի խոսքեր ուղղել մեր վետերաններին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում ևս իրենց գործառույթներն իրականացնում են նվիրումով և այն գիտակցմամբ, որ առաջնային է պետության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն օրենքի տառին համապատասխան:   

 Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով և կենտրոնացնելով բոլորիս փորձառությունը, գիտելիքներն ու ջանքերը՝ կկարողանանք արժանապատվորեն և մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություների ողջ շրջանակը:

Կրկին շնորհավորելով բոլորիս Հարկադիր կատարողի մասնագիտական  տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասված է ուղերձում

  • Կիսվել: