Հանրային վայրերում պարտադիր տեսանկարահանման նախաձեռնությունը միտված է հանցագործությունների կանխմանը. ՆԳՆ
«Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է քննարկում՝ հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթի շրջանակներում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, անդրադառնալով նախագծի առնչությամբ առկա տարբեր մոտեցումներին, վերահաստատել է, որ․
- Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը կարող է իրականացվել բացառապես օրենքով նախատեսված իրավաչափ նպատակների շրջանակներում (իրավախախտումների կանխում, նախականխում և բացահայտում, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում, հասարակական կարգի պահպանություն ու անվտանգության ապահովում)։ Այլ նպատակներով տվյալների մշակումն արգելվում է։
- Տվյալներն ունենալու են բարձր պաշտպանվածություն։ Նախատեսվում է ներդնել արդի տեխնոլոգիական լավագույն լուծումներով և հնարավոր ամենաբարձր պաշտպանվածությամբ համակարգ։
- Նախագիծը ենթադրում է բացառապես հանրային տարածքի տեսահսկմամբ ձեռք բերվող տվյալների մշակում՝ օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներով։
- Մոտեցումն առկա է նաև միջազգային փորձում։ Դրա հաշվառմամբ՝ օրենսդրական փաթեթում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ։
Ծավալվել է ակտիվ քննարկում։ ՆԳ նախարարությունը պատրաստակամ է լսելու նախագծի առնչությամբ ցանկացած մտահոգություն։ Վերջնական լրամշակված տարբերակն Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանը կներկայացվի բոլոր մտահոգությունները փարատող տարբերակով։