ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը ՀՀ ԱԺ նոյեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ միասնական մոտեցում որդեգրելու եւ կարգավորումների կանխատեսելիության ու նաեւ դրանց կիրառման միատեսակություն ապահովելու նպատակով է առաջարկվել օրենսդրական փաթեթը:

Արմենուհի Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:

«Առաջարկվում է փոփոխություն, որով ղեկավարների եւ տեղակալների կարգապահական վարույթները, որոնք վերաբերելու են վարքագծի կանոններին կամ շահերի բախմանը՝ տեղափոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դաշտ»,- մանրամասնել է հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ:

  • Կիսվել: