շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ ՍԴ գործող նախագահին մեղադրանք առաջադրվի. Հրայր Թովմասյան

Համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ ՍԴ գործող նախագահին մեղադրանք առաջադրվի. Հրայր Թովմասյան

Սույն քրեական գործն ուսումնասիրելուց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունն առաջնորդվել է այն սկզբունքով, որ ինչ տարբերություն խեղդվողի համար՝ գլխիդ վերևում մի մետր ջուր է, թե հինգ: Այս մասին, այսօր  դատական նիստի ժամանակ հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով իր պաշտպանական ճառը::

«Երբ կարդում եմ այս քրեական գործը, տպավորություն է, որ եթե մի բան արել եմ, որի համար ապագայում կարող եմ ազատազրկվել, ազատվել պաշտոնից, ի՞նչ կարևոր է մեկն եմ արել, թե մի քանիսը: Քրեական գործի հաջորդ խախտումը իմ՝ որպես ՍԴ դատավորի, Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության անտեսումն է: Հասկանում եմ՝ այնպես չէ, որ ամեն օր մեր դատախազությունը կամ դատարանները քննում են դատավորի հետ կապված ինչ-որ հանցակազմ: Այստեղ և՛ փորձի պակաս կա, և՛ գիտելիքների պակաս կա և չկա, թե նախկինում ինչ ենք արել։ Այս պակասը, անկեղծ եմ ասում, զգացվում է: Այնպես չէ, որ ամեն օր ՍԴ դատավոր են դատում», - ասաց Թովմասյանը:

Վերջինս նշեց, որը գործող ՍԴ նախագահին դատելու պրակտիկա չկա անգամ համաշխարհային պատմության մեջ:

«Սա նույնիսկ Հայաստանի պատմության մեջ չէ առաջին անգամ, համաշխարհային պատմության մեջ չկա, որ գործող ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվում: Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում, որովհետև պարզ բաներ կան, որոնք գլխավոր դատախազը չէր կարող չիմանալ: Ես, լինելով ՍԴ նախագահ, անդամ, պետք է օժտված լինեի լրացուցիչ երաշխիքներով՝ զերծ մնայի քրեական հետապնդումից, դատարանի առաջ կանգնելու ու պատասխանատվության ենթարկվելու: Հիմա ստացվում է, որ այն մարմինները, որոնք պետք է ինձ օգնեին ու այն ինստիտուտը, որը կոչվում է անձեռնմխելիություն, այս երկուսը միասին են պատճառ դարձել, որ իմ գլխին գործ հարուցվի: Եթե ես չլինեի ՍԴ-ում, իմ դեմ քրեական գործ չէր հարուցվի: Ես ձեզ վստահեցնում եմ»,- դատարանում ասաց Հրայր Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում:

  • Կիսվել: