ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ․ ՔԿ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ․ ՔԿ

Քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ Facebook սոցիալական ցանցում Varker Sev Cucakum Gtnvoxnerin և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը(երը), տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել և ստացել է հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է:

Վերը նկարագրված եղանակով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միասնական և համակարգված քննության կատարման նպատակով կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև՝ ՀՀ վճարային համակարգի ոլորտի ընկերությունների գործուն աջակցությամբ պարզվել են հանցագործությունների կատարման հանգամանքները:  

Մասնավորապես պարզվել է, որ հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտված անձի կողմից, որը  Facebook սոցիալական ցանցում տարբեր ժամանակահատվածներում գրանցելով նույնականացման երեք տարբեր տվյալներ ունեցող Varker Sev Cucakum Gtnvoxnerin և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ անհատական էջեր՝ Messenger հավելվածով նամակագրական շփում է ծավալել իրեն դիմած մի քանի տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով իբրև ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու իրավասություն ունեցող անձ: Այնուհետև իր առաջարկությամբ հետաքրքրված անձանց վերոնշյալ բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ վերջիններից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» և «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ընդ որում, փոխանցված գումարների հետ իրեն չնույնականացնելու նպատակով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից փոխանցված գումարները ստացել է մտացածին տվյալներով անձանց անվամբ բացված կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին: Ապա՝ հափշտակված գումարները կանխիկացնելու հնարավորություն ստանալու նպատակով կեղծ հաշիվներին կուտակված գումարները vivarobet.am կայքի «Belote» խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի՝ իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվների և «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու և վերջիններիս պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: