ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները:

Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում:

Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերը նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: 

  • Կիսվել: