երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը

Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը

«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպանական թիմը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ, եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը։

«Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնաբանել այդ կապակցությամբ պաշտպանական թիմի արած հայտարարությունը՝ դա համարելով պաշտպանական տակտիկայի բաղադրիչ: Սակայն եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում, կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, ապա, մնալով քրեական դատավարության շրջանակներում, հանրային կարծիքի վրա ներազդելուց զերծ մնալով, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորությունից:

Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով ներկայացվող հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի: Կամ պարզապես կարող էին և կարող են հանցագործության մասին հաղորոդում տալ, ինչը որքան տեղյակ եմ, չի արվել»,- ասաց Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ այն հանգամանքը, որ Խաչատրյանի պաշտպանների համար գուցե կանխատեսելի զարգացումները հաշվի առնելով՝ նախապես արվում են քննչական մարմնի գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ դնող հայտարարություններ, դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի գործողությունները հենց այդպիսին են կամ կարող են այդպիսին լինել:

«Արգելանքի միջոցի կիրառումը պայմանավորված է քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներով, վարույթի շրջանակներում մեղադրյալի հնարավոր կանխատեսելի վարքագծի հաշվառմամբ: Հակառակ դեպքում, նախապես հայտարարություններ հնչեցնելով միշտ կարելի է քրեական հետապնդման մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մանիպուլյատիվ էֆեկտով հանրային ցանկացած կարծիքը ձևավորել»,- ասաց Աբրահամյանը։

Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվեն նաև քննությամբ ձեռք բերված այն հանգամանքները և այն հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվել է մեղադրանքը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:   

Ավելի վաղ, վարույթ իրականացնող մարմինը «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտնել էր, որ ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր՝ քննչական մարմին ներկայանալու համար: «Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն՝ Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։

«Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար Iunetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, թե «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի  պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»։

«Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում»,- նշել է Գևորգյանը։

 

  • Կիսվել: