ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գործով մեղադրյալ ներգրավված թիվ 124 մանկապարտեզի աշխատակիցները շարունակում են գնալ աշխատանքի․ Հայտարարություն

Գործով մեղադրյալ ներգրավված թիվ 124 մանկապարտեզի աշխատակիցները շարունակում են գնալ աշխատանքի․ Հայտարարություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հայտարարությունը Երեւանի թիվ 124 մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած տեղի ունեցած բռնության վերաբերյալ․

2022 թվականի հունվարի 31-ին անչափահաս երեխայի մայրը դիմել է ոստիկանություն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող թիվ 124 մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով։

2019 թվականից մինչ 2021 թվականը դայակները խմբի երեխաների միջոցով պարբերաբար բռնություն են գործադրել երեխայի նկատմամբ։ Հերթական անգամ երեխային տարել են մանկապարտեզի դահլիճ, կապել, խաղալիք ափսեի մեջ կղանք լցրել, որի վրա նաեւ պլաստիլինե հատիկներ տեղադրել, հացի կտոր եւ դա էլ են թաթախել մեզի մեջ եւ խաղալիք գդալով լցրել երեխայի բերանը։ Միաժամանակ նաեւ երեխայի նկատմամբ ոտնձգություններ են կատարվել՝ «նրա մեջքին են նստել երեխաները, քշել ձիու պես, թքել ականջի մեջ, ձեռք տվել մարմնի գրեթե բոլոր հատվածներին, վզին պարան են փաթաթել, վզից բռնած պտտել դահլիճով մեկ»։
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ փաստաբանն այժմ զբաղվում է կնոջ եւ երեխայի շահերի պաշտպանությամբ։ Կազմակերպությունը հետամուտ է լինելու գործով արդար դատաքննության իրականացմանը։

Միաժամանակ բռնության հերթական դեպքի արձանագրումը եւս մեկ անգամ փաստում է օրենսդրական եւ իրավակիրառ դաշտում առկա խնդիրների մասին։ Մասնավորապես՝ ներպետական օրենսդրությամբ առկա չեն կարգավորումներ բուլինգի, ինչպես նաեւ սեռական ոտնձգության դեպքերի վերաբերյալ։ Ավելին, համանման արարքների կատարման դեպքում անընդունելի է ուսումնադաստիարակչական եւ կրթական հաստատություններում բռնության դեպքերով որպես մեղադրյալ ներգրաված անձանց աշխատանքային պարտականությունների շարունակությունը՝ մինչ գործով քննության ավարտը։ Նշված դեպքը նույնպես բացառություն չէ այդ տեսանկյունից. գործով մեղադրյալ ներգրավված մանկապարտեզի աշխատակցիները շարունակում են գնալ աշխատանքի։

Իրադրությունը խիստ մտահոգիչ է ոչ միայն մանկապարտեզի տարածքում իրեղեն ապացույցների ոչնչացման վտանգի, այլեւ առհասարակ բռնության ցանկացած դրսեւորման պարագայում պետության կողմից բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Դեռեւս 2019 թվականին Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնն «Իմ մարմինը անձնական է» գրքի ներկայացմամբ մեկ անգամ եւս փորձ կատարեց բարձրացնել երեխաների՝ փոքր տարիքից իրենց մարմնի անձեռնմխելիության եւ սահմանների գիտակցման կարեւորության հարցը, սակայն գրքի ներկայացումը մի խումբ անձանց կողմից դրսեւորված բռնի վարքագծի արդյունքում ընդհատվեց։
Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում սեռական ոտնձգության եւ բուլինգի ենթարկվող որեւէ անձի, ինչի կապակցությամբ պահանջում ենք՝

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ օրենսդրությամբ ամրագրել սեռական ոտնձգության եւ բուլինգի հասկացություններն ու պատասխանատվության միջոցներ նախատեսել արարքը կատարող անձանց նկատմամբ՝ միաժամանակ նախատեսելով արգելք ուսումնադաստիարակչական եւ կրթական հաստատություններում նման դրսեւորումներ կատարող անձին/անձանց ներկայանալ աշխատանքի մինչ գործով քննության ավարտը։

Երեւանի քաղաքապետարանին՝ ներքին իրավական ակտերով սահմանել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ուսումնադաստիարակչական եւ կրթական հաստատություններում սեռական ոտնձգությունների եւ բուլինիգի դեպքերով գործերի քննության ընթացակարգ՝ կարգապահական պատասխանատվություն սահմանելով համանման վարքագիծ դրսեւորած անձանց նկատմամբ, ինչպես նաեւ պարբերաբար իրականացնել ստուգումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ուսումնադաստիարակչական եւ կրթական հաստատություններում՝ պարզելու արձանագրված բռնության, ոտնձգությունների եւ բուլինիգի դեպքերը եւ հանրությանն ու իրավապահ մարմիններին ներկայացնել իրականացված ստուգումների արդյունքները։

  • Կիսվել: