ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիան վճռական է՝ աջակցելու ՀՀ դատաիրավական, այդ թվում՝ ՍԴ ինստիտուցիոնալ բարեփոխումներին. Ռիխտեր

Գերմանիան վճռական է՝ աջակցելու ՀՀ դատաիրավական, այդ թվում՝ ՍԴ ինստիտուցիոնալ բարեփոխումներին. Ռիխտեր

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

Արման Դիլանյանն ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում: Ըստ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների ու սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Այս առնչությամբ Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում բարեփոխումներին տրամադրվող համապարփակ ու մշտական աջակցությունը:

Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին հայ-գերմանական իրավական համագործակցության խթանմանը միտված քայլերի համար և ողջունել է Բարձր դատարանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Վիկտոր Ռիխտերը նշել է, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու սահմանադրականությունը անվտանգության, կայունության ու զարգացման գրավականն են, և Գերմանիան վճռական է աջակցելու Հայաստանի դատաիրավական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի միջև իրավական երկխոսության հետագա ամրապնդումը ու մոտ ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերն արժևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործունեությունը:

  • Կիսվել: