չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Այսօր՝ ժամը 16:00-ին Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40) տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ տեղեկացնելով, որ այս գործով դատավոր է հանդիսանում Արմեն Շիրոյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մայիսի 12-ին մասնակի բավարարել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ կալանավորելով Վարդանյանին մեկ ամիս ժամկետով։ Ընդ որում՝ սա Գերասիմ Վարդանյանի՝ նույն գործի շրջանակներում կալանավորելու արդեն չորրորդ փորձն էր։ Մասնավորապես, Գերասիմ

Վարդանյանը ձերբակալվել էր մայիսի 2-ին, Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում։ Ձերբակալությունը, սակայն, վերաբերում էր դեռևս 2020թ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրականացված լայնածավալ բողոքի ակցիաներին, թեև այն ժամանակ եւս Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել էր, ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել՝ նրան կալանավորելու մասին, ինչը մերժվել էր։

 

Շուրջ երկու տարի անց ԱԱԾ քննիչը փոխել է Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և կրկին միջնորդություն ներկայացրել՝ Վարդանյանին կալանավորելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ կրկին մերժվել է: Դատարանը խափանման միջոցի ընտրությունը թողել էր քննիչի հայեցողությանը:

 

Մայիսի 4-ին ԱԱԾ քննիչը որոշել էր գրավ կիրառել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ՝ 60 մլն ՀՀ դրամի չափով, որը, սակայն Վարդանյանը չի կարողացել վճարել՝ պայմանավորված նման միջոցների բացակայությամբ, ընդ որում, Վարդանյանն ի սկզբանե բարձրաձայնել էր, որ գրավի նման չափ վճարել չի կարող: Գրավի չափը երկօրյա ժամկետում չվճարելու դեպքում կրկին բարձրացվում է անձին կալանավորելու հարցը, ինչն էլ այս պարագայում տեղի է ունեցել:

  • Կիսվել: