ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ

Գառնիկ Իսագուլյանի հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

««Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել:

 

Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: