շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Առերես հարցաքննությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի մոտ ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք գոյություն չունի։ Այս մասին այսօր նախնական դատական լսումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։
 
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։
 
Խաչատրյանն անդադարձավ նաև այն տեղեկություններին, որ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է հայտնել իրավապահներին ընտրակաշառքի մասին։ Նշենք, որ Պողոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարն էր զբաղեցնում։
 
«Երբ համապատասխան փուլը կգա, պարոն Պողոսյանը կգա, կհարցաքննվի, կհետազոտվեն նաև նախաքննության ընթացքում տեղի ունեցած առերես հարցաքննությունը և առհասարակ հարցաքննությունները, ամեն ինչ ձեզ համար պարզ կդառնա։ Պողոսյանը երբևէ Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել»,– հայտարարեց պաշտպանը։ Նա հավելեց, որ Ծառուկյանի հետ առերեսում եղել է։
Նշենք, որ պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան հետաձգել դատական լսումները` նշելով, որ բավարար ժամանակ և հնարավորություն չեն ունեցել նախաքննության ընթացքում կազմված բոլոր նյութերին ծանոթանալու համար։ Ըստ նրա` բացի ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներից, ամբողջ հանրապետության տարածքով քննչական խմբում ներգրավված են եղել մոտ 100 քննիչներ, հարցաքննվել են հարյուրավոր անձինք ամբողջ հանրապետության տարածքում։
 
«Այն ժամանակ մեղադրանքը վերաբերում էր ամբողջ տարածքին, հիմա շրջանակներն ավելի նեղացվել են, հետևաբար ամբողջ ծավալով այս նյութերին ծանոթ չլինելը խնդիրներ է առաջացնում արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար։ Ընդհանուր 55-60 հատոր գործից մեզ տրամադրվել է 3-4 հատոր»,– ասաց Խաչատրյանը։
 
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով հերթական նախնական դատալսումը: Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի մասին հայտնի կդառնա կողմերի հետ համաձայնեցնելուց հետո։

  • Կիսվել: