ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի․ պաշտպան

Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի․ պաշտպան

Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։  Այս մասին լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները։

Նիստի ավարտից հետո Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ ես առողջական խնդիրների թեման չհանրայնացնեմ, սակայն այսօր ծայրահեղ խնդրի առաջ ենք կանգնած։ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանին այցից հետո մասնագետներն արձանագրել են բժշկական օգնության անհրաժեշտություն, որից հետո հունվարի 15-ին` իմ պաշտպանյալը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ։ Հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել է հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Բնականաբար պետության առաջին պարտավորությունը պիտի լիներ բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հենց նույն օրը, երբ իմացան, որ Գագիկ Խաչատրյանը բժշկական վերահսկողության կարիք ունի, տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ»,-  ասել է Երեմ Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ նշված դեպքից հետո իրենք դիմել են բոլոր իրավասու մարմիններին (քրեակատարողական ծառայություն, արդարադատության նախարարության համապատասխան գերատեսչություն, գլխավոր դատախազություն)` պահանջելով, որ ապօրինությունը դադարեցվի, և Գագիկ Խաչատրյանը իրացնի իր իրավունքը՝  տեղափոխվելով բժշկական կենտրոն սեփական միջոցների հաշվին։ Փաստաբանը նշել է, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն առավել ծայրահեղ քայլերի դիմել, սակայն հուսով են, որ համապատասխան մարմինները ամեն դեպքում կպահեն ողջամտությունը։

Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ Խաչատրյանի հարազատներն ու ընկերներն արտերկրից, անհանգստացած լինելով առողջականով, կապ են հաստատել և պատրաստակամություն հայտնել ենթադրյալ վնասի ամբողջական փոխհատուցում կազմակերպելու, մինչև որ քննությունը ավարտվի ու պարզվեն հանգամանքները։ Նա նշել է, որ եթե ցանկություն լինի կոնկրետ աղբյուրներն էլ կերևան, թե ովքեր են այդ անձինք և արդյոք ունեն նման հնարավորություններ, թե ոչ։

«Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով, թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցներ, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել», - եզրափակել է Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի՝ փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

  • Կիսվել: