երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գագիկ Խաչատրյանը մնաց կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը մնաց կալանքի տակ

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը:

Դատարանը մերժեց Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ 

Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Երկուսն էլ պնդում են հրապարակային ու թափանցիկ գործի քննության անցկացման։

Դատական այսօրվա նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում. հիշեցնենք՝ նրանք երկուսն էլ արդեն 1 տարի է կալանավորված են: Ընդ որում, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։ 

 

 

  • Կիսվել: