երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Գագիկ Խաչատրյանի եղբորորդին եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. փաստաբանների հայտարարությունը

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. փաստաբանների հայտարարությունը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված: Այս մասին հայտարարություն է տարածել  Խաչատրյանների փաստաբանական խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 10 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո բավարարեց Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը:

Դատարանի որոշման հիմքում դրվել է վարույթն իրականացնող մարմնի այն մտահոգությունը, թե ազատության մեջ լինելու պայմաններում Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների վրա: Հարց է առաջանում. ԱԱԾ արհեստավարժ քննչական մարմինն ու դատարանը հավատո՞ւմ են արդյոք իրենց իսկ կողմից արված այն պնդմանը, որ Կարեն Խաչատրյանը 2020 թվականի հունվարի 22-ից շուրջ մեկ ամիս գրավի կիրառմամբ գտնվել է ազատության մեջ եւ այդ ողջ ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի նախաձեռնվել: Եթե այդպիսի չակերտավոր հավանականություն կար, ապա ի՞նչն էր խոչընդոտում վարույթն իրականացնող մարմնին սեղմ ժամկետում գործողություններ կատարել, չէ՞ որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ էր եւ ինչպես իրենք են «մտահոգվում»  կարող էր ազդել այդ անձանց վրա: Իրողությունները ցույց են տալիս, որ բերված պատճառաբանությունները չեն հաղթահարում պարզունակ վարկած լինելու շեմը, սակայն ինչպես կրկին ականատես եղանք այսօր, Կարեն Խաչատրյանին պետք է շարունակաբար պահել պատանդի կարգավիճակում»:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

 

  • Կիսվել: