ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գաղտնի օպերացիա՝ Երևանում․ հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության համար հետախուզվողը

Գաղտնի օպերացիա՝ Երևանում․ հայտնաբերվել է աղմկահարույց հանցագործության համար հետախուզվողը

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։ Այն ՀՀ ոստիկանապետի հրամանով դրվել է ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա, գրում է shamshyan.com-ը։

Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։ 

Ըստ աղբյուրի՝ օպերացիան կրել է «Հույժ գաղտնի»անունը, և արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։ Վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, քանի որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն բավարարվել էր։ Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Պատճառը հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցներն էին:

Պարզվել է՝ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Ըստ աղբյուրի՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, նա հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան, թե ովքեր էին խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, նա ժամանակին ինչ-որ հանցագործության համար հետախուզման մեջ էր։ Նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն: 

  • Կիսվել: