ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին
2025 թվականի հունվարի 27-31-ը ԵՄ Թայեքս (TAIEX) գործիքի շրջանակում Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության հրավերով ՀՀ պատվիրակությունը մասնակցել է հարկադիր վերադարձի կազմակերպման Ֆրանսիայի փորձի վերաբերյալ ճանաչողական այցին։
Պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՆԳՆ միջազգային համագործակցության, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի վերադարձի կազմակերպման համար պատասխանատու կառույցներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված կառույցների գործառույթներն ու փորձառությունը՝ սահմանային անցման կետերով անձանց տեղաշարժի ապահովման, օտարերկրացիների նույնականացման, փաստաթղթերի և ինքնության կեղծման դեմ պայքարի, արտաքսման ենթակա անձանց ուղեկցության (escort) հարցերի շուրջ։
Պատվիրակությունն այցելել է նաև փաստաթղթեր չունեցող անձանց (օտարերկրացիների) համար նախատեսված ժամանակավոր պահման վարչական կենտրոն և տեղում ծանոթացել կենտրոնի գործունեությանը։
Ֆրանսիացի գործընկերների փորձը հաշվի առնելով առաջարկվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ԵՄ ծրագրային շրջանակներում համագործակցություն հաստատել վերադարձի կազմակերպման հարցերի շուրջ։
Բարձր է գնահատվել Հայաստանի սեփական քաղաքացիների հետընդունման (readmission) ուղղությամբ կատարված աշխատանքները։
Համագործակցության համար Հայաստանյան պատվիրակությունը առաջարկել է Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով վերադարձի կազմակերպման երկարատև փորձառությունն ու մասնագիտացված կառույցների գործունեությունը, ինչպես նաև՝ սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների գործածության առումով փորձի տրամադրում, կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցություն։
Այցն արդյունավետ էր հաշվի առնելով Հայաստանում այդ ոլորտում կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը, հատկապես՝ ԵՄ հետ մեկնարկած վիզաների ազատականացման համատեքստում՝ որպես կարևոր ուղղություն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա հարցերը քննարկել Ֆրանսիայի ոստիկանության կապի սպա՝ պարոն Օլիվիյե Լեֆեբղի հետ։