հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե պարզվի, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է՝ խորհուրդը կասի, որ ոչինչ փոխել պետք չէ․ նախարար

Եթե պարզվի, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է՝ խորհուրդը կասի, որ ոչինչ փոխել պետք չէ․ նախարար

Այն որ, Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները իրավականից կարող են վերածվել քաղաքական քննարկման՝ հնարավոր է ու նաև նորմալ է, որովհետև այս խորհուրդը քաղաքական մարմին է:  Այս մասին սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո ասաց   Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Այստեղ պետք է լինեին նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, որ քննարկումներն էլ ավելի քաղաքական լինեին, եթե ինչ որ մարդիկ ներկա լինեին՝ կարող էին արձագանքել և ասել, թե ինչի հետ են համաձայն, ինչ հետ՝ ոչ:  Ես աշխատում եմ ավելորդ չքաղաքականացնել զրույցները և ավելորդ եմ համարում դա այն իմաստով, որ եթե մենք այսօր ուզում ենք լավ բան անել, ապա մենք համեմատում ենք եղածը անցիալի հետ, այլ պետությունների հետ, որ տեսնենք, ինչն ենք լավ անում, ինչը վատ: Բայց, երբ մենք անցնենք բուն հարցերի քննարկմանը՝ լինելու են քաղաքական հայտարարություններ և դա նորմալ է: Ես՝ որպես վարող փորձելու եմ այնպես անել, որ այդ քաղաքական բանավեճերն ի վերջո ստանան միս ու արյուն և արդյունք տան»:  

Անդրադառնալով  վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի ներկայությանը խորհրդի նիստին՝ նա ասաց, որ խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և որքան էլ այնտեղ կան անկախ մարդիկ, կուսակցություններ, ՀԿ-ներ՝ ըստ մեր Սահմանադրության պրոցեդուրաների, այս Սահմանադրությունը պետք է անպայման գնա գործադիր, գործադիրից՝ օրենսդիր, օրենսդիրից՝ ՍԴ: Եթե մենք այս պրոցեսներում ի սկզբանե չներգրավենք նաև գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի իրավական հարցերով խորհրդատուին, մենք հետո ստիպված էինք լինելու այս բոլոր գործընթացները ներկայացնելու նրան, որովհետև նա էլ հետո պետք է դրանք ներկայացնի վարչապետին: Հետևաբար, իր ներկայությունը առանց քվեարկության ու ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է, որովհետև որքան պետք է կառավարությունը ներկայացված է ու խոսում է, բայց նաև կարևոր է, որ վարչապետին ընթացքից տեղակ պահվի որոշակի խնդիրների մասին»:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի բացակայությանը՝ Անդրեասյանն ասաց, որ այստեղ քաղաքական հետք փնտրել պետք չէ, պարոն Մարուքյանը պատշաճ ձևով հայտնել է, որ զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա լինել նիստին: «Այսօր բացակա էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը, ես հույս եմ հայտնում, որ Թաթոյանը կմասնակցի մեր նիստերին»:

Հարցին, թե հնարավոր է, որ այս ամբողջ աշխատանքներից հետո Սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան՝ Անդրեասյանն ասաց, որ խորհուրդը կաշխատի ու եթե պարզվի, որ մեր Սահմանադրությունը կատարյալ է՝ խորհուրդը կասի, որ ոչինչ փոխել պետք չէ:

«Ես որպես խորհրդի նախագահ հաստատ նման առաջարկի չեմ քվեարկի,  որ մեր Սահմանադրությունն այնքան կատարյալ է, որ ոչինչ պետք չէ փոխել: Ես բազմաթիվ առաջարկներ ունեմ, թե ինչ պետք է փոխել մեր Սահմանադրության մեջ, բայց, եթե ես հիմա սկսեմ դրանք բոլորը ներկայացնել՝ կստացվի, որ կառավարությունը հատուկ օրակարգ է բերել, բայց նման բան չկա, կառավարությունը բերել է մի օրակարգ՝ աուդիտի ենթարկել սահմանադրությունը, հասկանալ բոլոր խնդիրները, ապա գլուխ առ գլուխ դնելով քննարկման՝ ի վերջո ստանալ հայեցակարգ տեքստ»:

  • Կիսվել: