երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե այսպիսի վարքագիծը չդրսեւորվեր Դատախազության կողմից, հետագայում չէինք ունենա բռնության նոր դեպքեր. Մինասյան

Եթե այսպիսի վարքագիծը չդրսեւորվեր Դատախազության կողմից, հետագայում չէինք ունենա բռնության նոր դեպքեր. Մինասյան

Մենք հասնելու ենք մեր ուզած իրավական պետության կերտմանը, որտեղ դավաճանները եւ նրանց սպասարկողները տեղ չունեն։ Այս մասին այսօր դատարանում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվում էր 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:

Մինասյանը, մասնավորապես, ասաց. ՛՛2020 թվականի դեկտեմբերի 28-ին էր, երբ հարյուրավոր քաղաքացիներ ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ հավաքվել եւ պահանջում էին պատգամավորների հետ հանդիպումներ՝ իրենց տեսակետները եւ պահանջները փոխանցելու համար։

Ոստիկանության եւ Պետական պաշտպանության ծառայության ղեկավարի ակնհայտ հանցագործություններ պարունակող վարքագիծը, ըստ էության, պատշաճ ընթացք չի ստացել, որովհետեւ մեր բողոքների հիման վրա թե՛ քննչական մարմինները, թե՛ դատախազությունը ցուցաբերել են անգործություն՝ ներկայացնելով, որ հանցագործություն չեն հայտնաբերել՛՛:

Մինասյանը նշեց նաեւ, որ սա ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ հանրային դատապարտելի վարքագիծ է:

՛՛Եթե այսպիսի վարքագիծը չդրսեւորվեր Դատախազության կողմից, հետագայում մենք չէինք ունենա բռնության նոր դեպքեր։ Սա եւս ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք լռելու։ Մենք պետք է պայքարենք եւ պայքարելու ենք մինչեւ իրավական պետությանը բնորոշ եւ համապատասխան, անձինք, որոնք խախտել են օրենքը կրեն ամբողջական պատասխանատվություն՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվել էին երկուստեղ հայհոյանքներ:

Նշենք նաեւ, որ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ։ Հայտնի է, որ այդ գործով Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

 

  • Կիսվել: