ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե այս պրոցեսը ոչ թե պատվերով ուսումնասիրվեր, այլ նորմալ, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993-2018 թթ. բնակվել է կառավարական ամառանոցներում. Մակինյան

Եթե այս պրոցեսը ոչ թե պատվերով ուսումնասիրվեր, այլ նորմալ, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993-2018 թթ. բնակվել է կառավարական ամառանոցներում. Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի ուսումնասիրման առնչությամբ Դատախազությունն ասում է՝ 1991 թվականին բոլոր աշխատած գումարները վերացել են, նշում է՝ մենք այդ կանխավարկածով ենք գործում, մենք էլ ասում ենք՝ չենք պատրաստվում խելագարության վարկածով որեւէ բան հիմնավորել: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Դատախազությանը ժամանակին այս պրոցեսի ծայրահեղ անօրինական լինելու մասին առարկություններ ենք ներկայացրել: Այս իշխանությունները երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ինչ ծանր դրության մեջ էինք, ինչ մարտեր էին Արցախի Հանրապետության սահմաններին, այդ օրը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ: Այն ժամանակ, երբ այս պրոցեսը սկսվել է, այդ որոշման կայացման համար այդ նույն ապօրինի օրենքով չեն եղել հիմքեր, այսինքն՝ գործում առկա է փաստական տվյալներ, որ ուսումնասիրությունը սկսելու ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի անունով ընդհանրապես որեւէ գույք չի եղել հայտնաբերված»,- ասաց Մակինյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն երրորդ նախագահի մասով որեւէ գումար եւ գույք չի՞ եղել, Մակինյանը դրական պատասխան տվեց:

Անդրադառնալով երրորդ նախագահի դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի գույքի ուսումնասիրմանը՝ Մակինյանն ասաց. «Խոսքը մի տան մասին է, որտեղ Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչեւ այսօր ապրում է: ՀՀ պետական մարմիններն ինչ են որոշել, որ մարդուն իր բնակարանից վտարեն՝ առանց փաստական տվյալի...»:

Ամրամ Մակինյանն ասաց, որ դատախազը խոսում է նաեւ կոմունալ ծախսերի մասին. «Եթե այս պրոցեսը ոչ թե պատվերով ուսումնասիրվեր, այլ նորմալ, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993 թվականից մինչեւ 2018 թվականը բնակվել է կառավարական ամառանոցներում: Այստեղ կոմունալ ծախսեր չկան»:

Նշենք, որ այսօր դատարանում քննվում էր Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանի, Անուշ Մինասյանի, Սաթենիկ Սարգսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատախազության հայցը:

  • Կիսվել: