Ես որևէ ահաբեկչական գործողություն չեմ պլանավորել. դատարանը քննում է Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հարցը
«Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլամավորել։ Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը։
«Ո՛չ ես, ո՛չ մյուս ներկաները ահաբեկչական որևէ գործողություն չենք պլանավորել։ Ըստ մեղադրանքի, ահաբեկչությունը պլանավորվել է 2025 թվականի հունվարից, իսկ իմ նոթատետրը վարվել է նախորդ տարվա մայիս–հունիս ամիսներին, երբ մենք պայքարի այլ փուլում ենք եղել։ Հետևաբար այնտեղ նշված մտքերը չեն կարող վերաբերվել այն գործին, որի շրջանակներում ես մեղադրվում եմ»,–ասաց Մանթաշյանը։
Նշենք, որ դատարանը քննում է Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։
Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Թարմացում. Դատարանն անփոփոխ թողեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը եւ այն երկարաձգեց 3 ամսով:


